Երբ արձագանքել էի Փաշինյանի՝ Վեհափառի հասցեին հնչեցրած խոսքերին, որքան ուժ ուներ՝ բղավում էր, պահանջում, որ ներողություն հայցեմ. Տեր Զարեհը` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին. «Այսօր»
Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում, իսկ այժմ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է, օրեր առաջ հայտարարել էր՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տարիներ շարունակ թեմում ծառայող հոգևորականների հանդեպ իրականացրել է հոգևոր և հոգեբանական բռնաճնշումներ։
Aysor.am-ի հետ զրույցում Տեր Զարեհը պնդում է՝ թեմում ծառայող յուրաքանչյուր հոգևորական կփաստի այդ մասին։
«Այո՛, քահանաները՝ այդ թվում և ես, հոգեբանական բռնության ենք ենթարկվել, ընդհուպ՝ սոցիալական ցանցերում որևէ գրություն, որ անում էինք, կամ որևէ նախաձեռնություն, որ անում էինք ու չէինք համաձայնեցնում իր հետ, ամենախիստ ձևով մեզ դիտողություններ էր անում, անգամ ոչ պատշաճ բնութագրումներ էինք ստանում դրանց մասին։ Ավելի մանրամասնել հարկ չեմ համարում»,- Aysor.am-ին տված հարցազրույցում պատմել է Տեր Զարեհը։
Տեր Հայրը պատմեց, որ երբ լրատվամիջոցներից մեկին կարճ մեկնաբանություն է տվել ու արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառի հասցեին հնչեցրած խոսքերին, Գևորգ Սարոյանը Տեր Զարեհին կանչել է առաջնորդարան ու բացատրագիր պահանջել։
«Երբ բացատրագիր ներկայացրեցի, այնտեղ, բառիս բուն իմաստով, որքան ուժ ուներ՝ բղավում էր ինձ վրա, ասում էր՝ ես թիկունքից հարվածող եմ, ինձանից պահանջում էր, որ բացատրագիր ներկայացնեմ, որ գիտակցում եմ իմ սխալն ու ներողություն եմ հայցում, իսկ ես ասացի՝ Սրբազան, դա բացատրագիր չէ, պարտադրագիր է, եկեք վերնագիրը փոխենք, դնենք պարտադրագիր։ Ես ծանոթ եմ իր ձեռագրին, անընդհատ հոգևորականին թելադրում էր, թե ինչպես ներկայացնի այն իրողությունը, որում հայտնվել է։ Պարզ էր, թե ինչի համար էր անում։ Այնքան բարձր էր բղավում, որ մինչև Մասիսի քաղաքապետարան ձայնը լսելի է եղել»,- նշեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը՝ ընդգծելով, որ նման դեպքեր շատ-շատ են եղել։
«Անգամ սպառնում էր ինձ ու ասում՝ քեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե ինչու մինչև հիմա ձերբակալված չես, թե ինչու մինչև հիմա ոստիկանները չեն տարել՝ ակնարկելով, թե իր միջնոդությամբ է, որ ինձ չեն ձերբակալում։ Եթե ես հանցանք էի գործել՝ ինչո՞ւ էին թողել, որ ես ազատ ման գայի ու իմ գործունեությունը ծավալեի։ Շատ քահանաներ են սպառնալիքներ ստացել, ուղղակի ես բարոյական իրավունք չունեմ ուրիշների անունից հանդես գամ»,- նշեց Տեր Հայրը։
Գևորգ Սարոյանին շատ է վրդովվեցրել, որ հավատավոր ժողովրդից ոմանք չեն իմացել, թե ինչպես են դիմում եպիսկոպոսին, երբեմն մոտեցել ու ասել են՝ «Օրհնեցեք, Տեր Հայր», դրա համար նա մեղադրել է քահանաներին։
«Մեզ խիստ դիտողություն էր անում, ասում էր՝ «ուրեմն չեք ասել, որ ես եպիսկոպոս եմ»։ Մարդ է, շատ ժամանակ եպիսկոպոսին կամ Հայր Սուրբին դիմելու ձևը չի իմացել, ինքը դրանից վրդովվել էր, ամեն ինչ իր վերահսկողության ներքո էր գտնվում՝ սկսած անձնական կյանքից»,- նշեց Տեր Զարեհը։
Տեր Հայրը, ինչպես և Մասյացոտնի թեմի հոգևորականներից շատերը, ուրախ են, որ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանն է նշանակվել թեմի առաջնորդական տեղապահ։
«Հայր Ռուբենի նշանակումը մեծ ոգևորություն է առաջացրել թե՛ հոգևորականների, թե՛ հավատացյալների շրջանում։ Բնականաբար, Հայր Ռուբենն ու իրենից առաջ այնտեղ ծառայող հոգևոր առաջնորդը սարերի տարբերություն ունեն թե՛ հոգևոր գիտակցական, թե՛ անձնային շփումների, թե՛ մարդկային մակարդակում։ Վստահաբար, կլինեն հոգևորականներ, ովքեր ճնշումների, խոստումների ազդեցության տակ կանցնեն Գևորգ Սրբազանի կողքը, բայց զգալի մեծամասնությունը ուրախ են Հայր Ռուբենի նշանակմամբ։ Մաղթում ենք, որ Հայր Սուրբն իր առաքելությունը կատարի՝ ի սեր Աստծո, ի սեր մեր եկեղեցու, մեր ազգի»,- նշեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
Տեր Հայրը վստահ է, որ Հայր Ռուբենը շատ կարճ ժամանակում զգալի փոփոխություն կբերի Մասյացոտնի թեմում։
Տեր Հայրը պնդում է՝ որքան էլ Գևորգ Սարոյանն ուզում է ցույց տալ, թե իբր, ինքը ճնշված է եղել, բնավ այդպես չէ։
«Վեհափառ Հայրապետը միշտ բաց է եղել շփումների համար, որևէ հոգևորական երբեք կաշկանդված չի եղել Վեհափառին որէև հարցով դիմելու կամ օրհնություն ստանալու համար։ Վեհափառը միշտ խրախուսել է ծառայասեր հոգևորականներին, վստահ եմ ՝ եպիսկոպոսներին՝ առավել ևս, այդ թվում իրեն, որքան էլ ինքը ցույց տա, որ ճնշված է, հայտնի է, թե Վեհափառն իր համար որքան լավ բաներ է արել»,- նշեց Տեր Հայրը։
Տեր Զարեհը մի դեպք պատմեց, ասաց՝ ստիպված է պատմում. «Երբ առողջական խնդիրներս սրվել էին, Գևորգ եպիսկոպոսի հորաքրոջ ամուսնու հողարկավորության ժամանակ, երբ ինձ խնդրել էր իր հետ գնայի, գերեզմանում հերթական հարվածը ստացա՝ գլխուղեղի ինսուլտ, փոխարենը հիվանդանոց տանելու՝ ինձ բերեցին տուն ու թողեցին, հեռացան։ Մինչ ես կդիմեի Վեհափառին, Վեհափառն ավելի շուտ էր իմացել, ինձ հայրաբար հանդիմանեց, ասաց, որ իրավունք չունեմ անտեսելու առողջությունս, իրավունք չունեմ մատների արանքով նայել նման հարցերին։ Վեհափառը կազմակերպեց, որ Մոսկվայում, հետագայում նաև ԱՄՆ-ում իմ բուժումը ստանայի, Փառք Աստծո, ի պատիվ Վեհափառ Հայրապետի ու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի՝ ես կարողացա բուժում ստանալ ու այսօր առողջապես կայուն վիճակում եմ ու շարունակում եմ ծառայել եկեղեցուն»։
Տեր Հայրը վստահ է՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունները, իսկ դավաճանները պատմության մեջ կգտնեն իրենց տեղը։
«Ո՛չ ներսից, առավելապես ո՛չ դրսից եկեղեցին քանդել հնարավոր չէ, որովհետև եկեղեցին Աստվածահաստատ կառույց է, անգամ սատանան չի կարող այդ կառույցին հաղթել, ուր մնաց՝ մի քանի հոգի իշխանավորներ կամ մի քանի տիրադավներ։ Իրենք գերու կարգավիճակ ունեն ներկայիս իշխանությունների ձեռքին ու ամեն գնով օգտագործվում են եկեղեցու դեմ, նրանք ամեն ինչի պատրաստ են՝ ամեն կեղծիքի, ամեն ստի, ամեն ստորության։ Եկեղեցին ո՛չ պետությանն է դեմ, ո՛չ իշխանությանը, եկեղեցին չար երևույթների դեմ է, Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորներին, եկեղեցու համար դա սկզբունք է։ Մեղքը, որպես երևույթ, ատելի է մեզ համար, բայց մեղավոր մարդն ատելի չէ, մենք աղոթում ենք բոլոր մեղավորների համար, Քրիստոսից ունենք օրինակը՝ առողջ մարդուն բժիշկ պետք չէ, հիվանդին է բժիշկ պետք։ Այդ հիվանդության դեմ են մեր ջանքերը, որ հասարակությանը կարողանանք հասցնել հոգևոր առողջությանը»,- նշեց Տեր Զարեհը։
Տեր Հայրն ընդգծեց՝ մեր պատմության մեջ եկեղեցուց պետականամետ կառույց երբևիցե չի եղել ու չի լինելու։
«Եթե մենք չենք սպասարկում ներկա իշխանության քաղաքական օրակարգը, չի նշանակում, որ պետության դեմ ենք։ Մենք օրակարգի դեմ ենք, մենք չենք կարող հաշտվել Արցախի կորստի հետ, մենք չենք կարող լուռ մնալ արցախահայերի ոտնահարված իրավունքների հարցում ու բոլոր մյուս հարցերում։ Գևորգ եպիսկոպոսը խորապես մոլորության մեջ է, երբ Վեհափառի հայրենասիրությունը կասկածի տակ դնող հայտարարություն է անում, Վեհափառի հարենասիրությունը բոլորիս համար ներշնչանքի աղբյուր է եղել»,- ասաց Տեր Զարեհը։
Անդրադառնալով մեղադրանքներին, թե պատշաճ չէ, որ քահանաները մեղադրում են եպիսկոպոսներին՝ Տեր Հայրն ասաց, թե նվիրապետական աստիճանի մեջ գտնվող յուրաքանչյուր հոգևորական, այո՛, պետք է հետևի կարգին, բայց երբ եպիսկոպոսը դեմ է դուրս եկել եպիսկոպոսապետին, ինքն այլևս իրեն այդ աստիճանից դուրս է դրել։
«Թող ինձանից չնեղանան ու հասկանան՝ որքան իրենց համար է անընդունելի, որ քահանան խոսում է եպիսկոպոսի կարգազանցության մասին, հազար անգամ անընդունելի է, երբ եպիսկոպոսը, օրվա քաղաքական իշխանությանը սպասարկելով, դեմ է դուրս գալիս իր եպիսկոպոսապետին։ Ասում են՝ «բարենորոգման», «բարեկարգման» գործընթաց է, նախ՝ ինքներդ ձեզ բարեկարգեք, ձեր վարքն ու ձեր ապրած ընթացքը։ Բարեկարգումը պետք է սկսի յուրաքանչյուրն իրենից, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում՝ եթե դու քո աչքի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի շյուղն ինչպե՞ս ես նշմարում»,- հավելեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
Aysor.am
