Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ
Առաջին տպավորությունը, որն ստեղծվում է այս հարցադրման մասով, այն է, որ միջազգային հարաբերությունների աճող լարվածության պատճառով ոսկու գինն աճում է:
Սակայն, դա ընդամենը մակերեսային պատկերացում է:
Իրականում, ոչ թե ոսկու գնի աճն է հետևանք՝ միջազգային լարված վիճակից, այլ՝ ճիշտ հակառակը:
Միջազգային տնտեսական համակարգը, որը հիմնվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսօր փլուզվում է:
Դրա արդյունքում, ոսկու և արծաթի գները բարձրանում են: Իսկ դրա հետևանքով էլ, առաջ են գալիս նոր ճգնաժամեր. Ուկրաինա, Գրենդլանդիա, Իրան, Վենեսուելան և այլն:
Փորձենք ավելի մանրամասն հիմնավորել այս տրամաբանական շղթան:
Ոսկու և արծաթի գները հունվարի 19-ի դրությամբ
Ոսկու և արծաթի գները հունվարի 19-ին սահմանեցին նոր պատմական ռեկորդներ. արծաթը առաջին անգամ գերազանցեց 94 դոլարը մեկ ունցիայի համար, մինչդեռ ոսկին մոտեցավ 4700 դոլարին՝ մեկ ունցիայի համար։
Սա արդեն ոչ թե տրամաբանական աճ է, երբ ներդրողները այս թանկարժեք մետաղների մեջ տեսնում են «հանգիստ ապաստան», ինչպես դասական առումով է ընկալվում, այլ դա խուճապային փախուստ է, որն ընթանում է ողջ աշխարհով մեկ:
Ամերիկյան փորձագետներից մեկի դիպուկ բնութագրմամբ՝ Մանհեթենի երկնաքերերի լռության և շվեյցարական բանկերի ստորգետնյա բունկերների մեջ լուռ, բայց լիակատար խուճապ է տիրում։ Խելացի փողը փախչում է։ Փախչում է դոլարից։ Փախչում է ամերիկյան երազանքից։ Նրանք դարակները մաքրում են ցանկացած ֆիզիկական նյութից՝ ոսկե ձուլակտորներից, արծաթե մետաղադրամներից, պղնձե կծիկներից և ալյումինե խխունջներից։
Սա արդեն ներդրում չէ։ Սա տարհանում է, նշում է փորձագետը:
Թրամփը անհույս ձևով փորձում է փրկել երկրի տնտեսության իրական հատվածը, սակայն թվերը հակառակն են հուշում:
ԱՄՆ-ի արդյունաբերական գնումների մենեջերների ինդեքսը, որը տնտեսության իրական, գործարանային շնչառության բարոմետր է, անկում է ապրել անցյալ տարի անընդմեջ։
Փիթսբուրգի պողպատաձուլական գործարանները աշխատում են կիսով չափ հզորությամբ, իսկ Դետրոյթի ավտոմեքենաների հավաքման գծերը դանդաղում են։ Մինչդեռ, Նյու Յորքի COMEX բորսան խելագարության մեջ է։ Արծաթի գինը հունվարին ընդամենը մի քանի օրվա ընթացքում աճել է 9 %-ով։ Ոսկին՝ խուճապի մատնվածների համար այդ հավերժական անվտանգ ապաստանը, աճել է գրեթե 3,5 %-ով։
Մինչդեռ, արդյունաբերության անկման ֆոնին, պլատինի, պալադիումի, ալյումինի և պղնձի գները անտրամաբանական կերպով աճում են։ Գործարանները պարապուրդի են մատնված, իսկ նրանց կողմից օգտագործվող հումքը թանկանում է։ Սա հնարավոր է միայն մեկ իրավիճակում. երբ մարդիկ գնում են ոչ թե արտադրության, այլ փրկության համար։ Երբ թղթե դոլարը, Դաշնային պահուստային համակարգի կողմից տրամադրված դոլարը, այլևս վստահություն չի ներշնչում։ Այն շտապ փոխանակվում է ինչ-որ շոշափելի բանի հետ, ինչ-որ բանի, որը չի կարող տպագրվել տպագրական մեքենայի վրա, ինչ-որ բանի, որը արժեք կունենա նույնիսկ Ուոլ Սթրիթի վրայից ծուխը ցրվելուց հետո։
Այս փախուստը ինքնաբուխ հիստերիա չէ։ Այն սառը, հաշվարկված արդյունք է, երկար ճանապարհորդության գագաթնակետը։ Ճանապարհորդություն, որը Դոնալդ Թրամփը փորձում է շրջել մեկ պարզ ձևով՝ դառնալով համաշխարային հեգեմոն, որը չի կարող պատասխանատվության ենթարկվել։
Նրա տրամաբանությունը, հասկանալի է, պարզ է և ցինիկ, ինչպես 1920-ականների Ուոլ Սթրիթի գանգստերինը. եթե դու պարտք ես բոլորին, ապա դու թագավոր ես։
Եթե քո պարտքն այնքան հսկայական է, որ դրա փլուզումը կթաղի ամբողջ համաշխարհային տնտեսությունը, ապա քեզ կկերակրեն, կջրեն և կաջակցեն, միայն թե չփլուզվես։ Եվ որպեսզի ոչ ոք նույնիսկ չակնարկի պարտքի մարման մասին, բոլոր դատարանները պետք է քանդվեն։ Ոչ միայն ազգային, այլև միջազգային։ ԱՀԿ-ն, Հաագայի միջազգային դատարանը, արբիտրաժային ինստիտուտները՝ սրանք բոլորը գործիքներ են, որոնց միջոցով վարկատուները կարող են փորձել գանձել իրենց պարտքերը։
Թրամփը մեթոդաբար քանդում է այս սյուները համաշխարհային կարգի տակից։
Պատժամիջոցները դառնում են արտադատական դատական որոշումներ, ակտիվների առգրավումները՝ նորմա, իսկ ռազմական միջամտության սպառնալիքները՝ առևտրային բանակցությունների գործիք: Վենեսուելա, Կուբա, Մեքսիկա, Կոլումբիա, Գրենդլանդիա, Իրան, վաղը կարող է այս շարքին նոր երկրի միանալ, դրանք այդ քաղաքականության համար, իրացման հարթակներ են միայն:
Ինչո՞ւ է հենց այսօր փլուզվում այսպես կոչված Բրետոն Վուդսի համակարգը
Կա մի առասպել, որը ակտիվորեն աջակցվում է լիբերալ գլոբալիստների քարոզչության կողմից, թե իբր, Բրետոն Վուդսի համակարգը վերացվել է դեռևս 70-ականներին։
Սակայն, Բրետոն Վուդսի համակարգը ավելին է, քան պարզապես 1944 թվականի ոսկու ստանդարտի մասին համաձայնագիրը։ Այն կանոնների և ինստիտուտների բարդ ամբողջություն է, որը ստեղծվել է ֆինանսական էլիտաների փոքր խմբի՝ «արևմտյան» բանկիրների համաշխարհային գերիշխանությունն ապահովելու համար։ Այն ներառում է պաշտոնական կառույցներ (ԱՄՀ, Համաշխարհային բանկ), իշխանության ոչ ֆորմալ կենտրոններ (S&P, Moody's, «Մեծ քառյակի» աուդիտորներ և խորհրդատուներ) և, իհարկե, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը՝ դոլարի թողարկման վերահսկողության հիմնական գործիքը։
Այդ համակարգի հիմնական տարրը ոչ թե ոսկին է, այլ դոլարի՝ որպես համաշխարհային արժույթի մենաշնորհը։
Ռիչարդ Նիքսոնի կողմից 1971 թվականի օգոստոսի 15-ին դոլարի կապակցումը ոսկուց անջատելը, պարզապես աջակցող մեխանիզմի վերացում էր։ Սա նվազագույն ազդեցություն ունեցավ համակարգի վրա. դոլարի բաժինը համաշխարհային պահուստներում իրականում աճեց՝ 1970-ականների սկզբի 59 %-ից մինչև 71 %՝ 2000 թվականին։ Այսինքն, Նիքսոնի որոշումից այս գլոբալիստական համակարգը, չփլուզվեց: Ճիշտ հակառակը՝ մեծացավ Դաշնային պահուստային համակարգի և Արժույթի միջազգային հիմնադրամի դերը։
Այս համակարգի գլխավոր հենասյունը դոլարի մենաշնորհն էր:
Ինչպես որ ԽՍՀՄ-ի կայունությունը հիմնված էր կոմունիզմի գաղափարի վրա:
Երբ կոմունիզմի հանդեպ հավատը փլուզվեց, փլուզվեցին նաև այդ գաղափարախոսությունը սպասարկող համակարգերը, ԽՄԿԿ-ն և այլ կառույցները: Դրա արդյունքում փլուզվեց նաև ԽՍՀՄ-ը:
Այսօր նույն բանը կատարվում է դոլարի հետ:
Գլոբալիզմի կառուցվածքը հիմնված է մեկ վերջին սյան վրա՝ այն համոզմունքի վրա, որ այլընտրանք չկա։ Որ դոլարը աշխարհի արժույթն է և միշտ էլ կլինի։ Որ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը «ռիսկի չենթարկվող ակտիվ» են։
Սակայն այս համոզմունքը մարում է մեր աչքերի առաջ, և ամենազգայուն բարոմետրը ոչ թե Դաշնային պահուստային համակարգի վիճակագիրներն են, այլ առևտրականները, որոնք ամեն վայրկյան ռիսկի են ենթարկում իրենց և ուրիշների միլիարդները։ Նրանք առաջինն են լսում հիմքի լուռ ճռռոցը։ Նրանց զանգվածային արտագաղթը դոլարային ակտիվներից դեպի նյութական ապրանքներ՝ ախտորոշում է։
«Վստահության մենաշնորհ» կոչվող հիվանդության վերջնական ախտորոշումը, այն է, երբ աշխարհը հոգնում է գերիշխանին կերակրելուց։
Սկզբում դանդաղ, աննկատելիորեն, իսկ հետո ավելի արագ տեմպերով, Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի կենտրոնական բանկերը մեթոդաբար ավելացնում են իրենց ոսկու պաշարները՝ նվազեցնելով դոլարի բաժինը։
BRICS-ի երկրները կառուցում են զուգահեռ վճարային համակարգ՝ տգեղ ու անփույթ, բայց իրենց սեփականը։ ԵՄ-ն, ամեն անգամ, երբ կիրառվում են ամերիկյան պատժամիջոցների վերջին փուլը, առաջ է բերում թվային եվրո նախագիծը՝ գործարքների նկատմամբ դոլարի վերահսկողությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուր քայլ փոքր է թվում, բայց միասին դրանք կազմում են տեկտոնական տեղաշարժ։
Եվ հիմա ճշմարտության պահը մոտենում է, ինչպես մենք հիմա ականատես ենք լինում դրան։ ԱՄՆ արդյունաբերությունը լճանում է, բայց մետաղները կտրուկ աճում են։ Սա հակասություն չէ։ Սա փաստի արձանագրում է. համաշխարհային կապիտալը այլևս չի հավատում դոլարային համակարգի ապագային իր ներկայիս տեսքով։ Այն պատրաստվում է մի աշխարհի, որտեղ արժեքը կորոշվի ոչ թե ԱՄՆ գանձարանի խոստումներով, այլ նյութի ֆիզիկական քաշով, քանակով և հատկություններով։
Ինչպե՞ս է փորձում պաշտպանել իրեն գլոբալիստական համակարգը
Բարդ սոցիալական, տնտեսական և քաղաքական մարտահրավերների առջև կանգնած պետությունները ավելի ու ավելի են դիմում փողի թողարկմանը. էմիսիային:
Տնտեսություն է ներարկվում հսկայական ծավալի իրացվելիություն, որը իրական հատվածը՝ ապրանքների և ծառայությունների արտադրությունը, ֆիզիկապես անկարող է կլանել: Արագ շահույթի ձգտելով՝ այս ավելցուկային գումարը շտապում է ֆինանսական շուկաներ՝ սնուցելով սպեկուլյատիվ «փուչիկները»:
Ըստ փորձագետների, նման դինամիկայի առաջին զոհերը ակտիվների գնահատման հիմնարար սկզբունքներն են։
Օրինակ, խոշոր տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերը, որոնք ակտիվորեն իրենց գովազդում են շուկայում, արհեստականորեն աճում են։ Ընդհանուր էյֆորիայի մեջ ընկղմված՝ փոքր ընկերությունները հետևում են նրանց օրինակին, որոնց գները հեռանում են իրական արժեքից, որը որոշվում է նրանց ֆինանսական ցուցանիշներով և հեռանկարներով։ Արդյունքում առաջանում է գերագնահատված ակտիվների հսկայական պաշար, որոնց գները հիմնված են ոչ թե տնտեսության, այլ նոր փողի անընդհատ հոսքի վրա։
Բերենք այս շարքից հետևյալ օրինակները:
Ըստ Հոնկոնգում գործող չինական անգլալեզու South China Morning Post պարբերականի վերլուծաբան, Չոու Չուն Յան-ի՝ 2024 թվականը մարդկության պատմության մեջ առաջին անգամ կհիշվի, երբ կառավարությունների պարտքի տոկոսավճարները գերազանցեցին մեկ տրիլիոն ԱՄՆ դոլարը։
Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի՝ դաշնային ծախսերը կրճատելու խոստմանը և նրա ագրեսիվ գլոբալ առևտրային պատերազմին, Միացյալ Նահանգները ներկայումս յուրաքանչյուր 71 օրը մեկ ավելացնում է 1 տրիլիոն դոլար իր պետական պարտքին: 2024 թվականին այն ավելացնում էր 1 տրիլիոն դոլարով յուրաքանչյուր 150 օրը մեկ, ըստ ԱՄՆ Կոնգրեսի համատեղ տնտեսական կոմիտեի: Սա խաղաղ ժամանակներում պետական պարտքի կուտակման ամենաարագ տեմպն է, և մոտ ապագայում դանդաղելու նշաններ չկան, նշում է չին վերլուծաբանը։
Անցյալ տարի Թրամփի վարչակազմը ներկայացրեց 2020-ականների վերջին պաշտպանական ծախսերի 1 տրիլիոն դոլարին հասնելու ծրագիր: Այս նպատակը հետագայում վերանայվեց դեպի վերև, և մինչև 2027 թվականը այն կհասնի ապշեցուցիչ 1.5 տրիլիոն դոլարի:
Իհարկե, Թրամփի կողմից տնտեսական պատերազմի արդյունքում, նրան հաջողվել է փոքր-ինչ բարելավել վիճակը, և անցյալ տարվա երրորդ եռամսյակում ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.3%՝ գերազանցելով զարգացած մյուս երկրների մեծ մասին։
Սակայն, ըստ չին վերլուծաբանի, այս տպավորիչ թվերը մեծապես պայմանավորված են արհեստական բանականության (ԱԲ) և սպառողական ծախսերի ոլորտում կատարված մեծածավալ ներդրումներով։ Չնայած շարունակվող սակագնային պատերազմներին, 2025 թվականին անվանական անձնական սպառումը աճել է 3.7%-ով՝ նախորդ տարվա համեմատ ավելացնելով ավելի քան 1.2 տրիլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները միայն 2025 թվականին արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ ներդրել են 437 միլիարդ դոլար, ինչը 61%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։
Արհեստական բանականության այս արագ զարգացումը հանգեցրել է նրան, որ ինը ամերիկյան ընկերություններ այժմ պարծենում են 1 տրիլիոն դոլարից ավելի շուկայական կապիտալիզացիայով։ Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway-ը այս էլիտար «տրիլիոնատերերի ակումբի» միակ ոչ տեխնոլոգիական անդամն է։ Հատկանշական է, որ այս ցանկում չի ընդգրկվել մայրցամաքային Չինաստանից որևէ ընկերություն, նշում է չին վերլուծաբանը։
Սակայն ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է այլ իրականություն։ Ըստ Forbes-ի՝ ԱՄՆ-ի 15 ամենահարուստ միլիարդատերերը Թրամփի երկրորդ ժամկետի առաջին տարում իրենց համակցված զուտ կարողությանը ավելացրել են 1 տրիլիոն դոլարով։ Սա պատմության մեջ հարստության ամենաարագ կենտրոնացումն է ամենաբարձր մակարդակում։
Մինչդեռ, ամերիկյան հանրության ստորին շերտերում, հասունանում է նույն մեկ տրիլիոն դոլարի ճգնաժամ։ Նյու Յորքում գործող Bankrate-ը հայտնել է, որ ԱՄՆ-ում չափահաս վարկային քարտերի տերերի 46%-ը պարտք ունի և հաճախ ապավինում է միայն վարկին՝ անհրաժեշտ իրերը գնելու համար։ Academy Bank-ի կողմից անցկացված ուսումնասիրությունը պարզել է, որ ամերիկացի վարկային քարտերի տերերի 73%-ը պարտք է օգտագործում անհրաժեշտ ծախսերը, ինչպիսիք են բժշկական ծախսերը, տան և մեքենայի վերանորոգումը և առօրյա կյանքի ծախսերը, ծածկելու համար։
Այսպիսով, ըստ չին վերլուծաբանի, ԱՄՆ սրնթաց կերպով մեծացնում է իր պարտքը, արհեստականորեն մեծացնելով իր ընկերությունների կապիտալիզացիան, մինչդեռ Չինաստանն արագորեն իր տնտեսությունն է մեծացնում, ընդ որում, ոչ թե թղթային, այլ տնտեսության իրական հատվածը:
Արդյունքում, ըստ վերլուծաբանի, անցյալ տարի Չինաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը գրանցեց տարեկան մեկ տրիլիոն ԱՄՆ դոլարի առևտրային ավելցուկ։ Սա ուշագրավ նվաճում է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի սրացումը և Եվրամիության կողմից դիմադրության աճը։
Պեկինը դրան հասել է ԱՄՆ-ից դուրս շուկաներ ագրեսիվորեն ընդլայնվելու միջոցով, մասնավորապես՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրներում։
Չինաստանի արտահանման այս կտրուկ աճը օգնում և թեթևացում է ապահովում իր տնտեսությանը, որը դեռևս պայքարում է թույլ ներքին պահանջարկի դեմ։ Սակայն այն նաև սրում է մտահոգությունները Արևմուտքում։
Ամերիկյան «R&D World» ամսագրի կանխատեսման համաձայն՝ Չինաստանը նախորդ տարի հետազոտությունների և զարգացման ծախսերի առումով հավասարվել է ԱՄՆ-ին գնողունակության համարժեքության առումով։ Երկու երկրների ծախսերը գերազանցել են մեկ տրիլիոն ԱՄՆ դոլարը։ Սակայն նույն կանխատեսման համաձայն՝ Չինաստանը այս տարի կգերազանցի ԱՄՆ-ին։ Ամսագրի վերլուծական հոդվածում այս տեղաշարժն անվանվել է «ժամանակակից դարաշրջանում նորարարական առաջնորդության ամենադրամատիկ տեղաշարժը»։
Հենց այս հանգամանքներն են ազդում նաև ամերիկյան տնտեսության հանդեպ անվստահություն առաջացնելով:
Հասկանալի է, որ գլոբալիստական համակարգի զարգացումից ավելի շատ շահեց Չինաստանը, ի շնորհիվ իր տաղանդավոր և աշխատասեր ժողովուրդի և կորցնում է արևմտյան աշխարհը, որի գլխավոր հենքը եղել է դոլարի մենաշնորհը:
Եվ ահա, այդ մենաշնորհը բոլորի աչքերի առջև կորցնում է իր հանդեպ վստահությունը, ինչը կարող է դառնալ ամերիկյան տնտեսության փլուզման պատճառ, ինչպես, որ ժամանակին, ռուբլու հանդեպ անվստահությունը բերեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:
Ո՞րն է Թրամփի առաքելությունը, և ի՞նչ է փորձում անել նա
Նախ, Թրամփը հասկանալով, որ ԱՄՆ-ի դարաշրջանն ավարտվում է, փորձում է իր երկրի դոկտրինը՝ համաշխարային լիդեր մնալու, փոխարինել «Մոնրոյի դոկտրինով», ըստ որի, ԱՄՆ-ն պիտի գլխավորապես կենտրոնանա Լատինական Ամերիկայի, Արևմտյան կիսագնդի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանների վրա:
Ահա թե ինչու, Թրամփի տեսանկյունից, առավել կարևոր են դառնում Վենեսուելայի, Կանադայի, Գրենդլանդիայի և Իրանի խնդիրները:
Բացի այդ, այս տարվա աշնանը ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի մասնակի ընտրություններն են լինելու, որի համար, Թրամփը փորձելու է պայքարել, օրինակ, իջացնելով բենզինի գները:
Տեխասի կամ Օհայոյի բենզալցակայանում իր բեռնատարը լիցքավորող միջին ամերիկացու համար պատկերը իդիլիական է։ Տնտեսությունը ուժեղ է, երկիրը՝ հզոր։ Սակայն այս պատկերը խորտակվող նավի կողքի վրա նկարված միրաժ է։
Էժան բենզինի պատրանքը այս պատերազմի մի մասն է։ Դրա առաջնագիծը ամերիկացի ընտրողի գիտակցությունն է։ Դրա նպատակն է ցանկացած գնով ստեղծել կայունության տպավորություն։ Գինը հայտնի է՝ ապագան։ Համակարգը ջրի երեսին պահելու համար, որտեղ ծախսերը վաղուց անհույս կերպով բաժանվել են եկամուտներից, Թրամփը ճնշում է գործադրում Դաշնային պահուստային համակարգի վրա՝ պահանջելով մեկ բան. տոկոսադրույքները զրոյի հասցնել։ Պատմականորեն ցածր մակարդակի։ Ինչո՞ւ։ Որպեսզի ԱՄՆ գանձարանը կարողանա էժան սպասարկել իր հրեշավոր պարտքը, որը կտրուկ աճել է՝ հասնելով 37 տրիլիոն դոլարի։
Դա նման է նրան, որ հիվանդը բժշկից խնդրի ոչ թե դեղորայք, այլ մորֆինի ավելի մեծ չափաբաժին՝ տանջանքը մեղմելու համար։ Գնաճը, իշխանությունները, կփորձեն ճնշել այլ կերպ՝ աշխարհաքաղաքական շորթման միջոցով։
Հենց դրա պատճառով էլ առաջ են գալիս նոր ճգնաժամային օջախներ. Վենեսուելա, Կանադա, Գրենլանդիա, Իրան և այդպես շարունակ:
Սակայն, այս ռազմավարությունը գործում է միայն մինչև որոշակի կետ։ Այն չի հրահրում հնազանդություն, այլ ավելի շուտ արագացնում է այլընտրանքների ստեղծումը։ Այն ստիպում է նույնիսկ ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցներին՝ փնտրել իրենց ակտիվները Վաշինգտոնի երկար ձեռքից թաքցնելու եղանակներ։
Այս տեսանկյունից Թրամփի քայլերը հասկանալի են, սակայն այն կարող է ունենա կարճաժամկետ ազդեցություն և ոչ երկարատև, քանի որ ամերիկյան տնտեսության հիվանդությունը նոր չէ առաջ եկել և մեկ մարդու ջանքերով, այն դժվար կլինի լուծել:
Այլ հարց է, որ Թրամփի քայլերը կարող են փոքր-ինչ թուլացնել իր երկրի վրա ճգնաժամային ազդեցությունը և գոնե միջազգային հարաբերություններում, թույլ չտալ, որ այն հանգի նոր մեծ պատերազմի:
Ի՞նչ տեսք է ունենալու նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը
Ամերիկյան ֆինանսական փորձագետները այսօր սկսել են մոդելավորել, թե ինչպես է գալու այդ ճգնաժամը:
Փլուզումը, երբ այն տեղի ունենա, չի նմանվի 1929 թվականի իրավիճակին՝ փողոցներում բրոքերների բազմությամբ։ Այն կլինի լուռ և թվային։ Այն կնմանվի պետական պարտատոմսերի շուկայում հանկարծակի, անբացատրելի անկայունության, երբ ոչ ոք չի ցանկանա գնել դրանք նույնիսկ բարձր տոկոսադրույքներով։ Այն կնմանվի ապրանքների գների կտրուկ թռիչքի, որի արդյունքում, օրինակ դոլարը մեկ ամսվա ընթացքում կարող է կորցնել իր արժեքի մեկ քառորդը։ Այն կնմանվի այլ երկրների պահուստներում ամերիկյան արժեթղթերում պահվող տրիլիոնավոր դոլարների ակնթարթային արժեզրկման։
Եվ այդ ժամանակ կպարզվի, որ գրավված նավթահանքերը, տեղակայված ավիակիր խմբերը և պատռված միջազգային պայմանագրերը անիմաստ զենքեր են։ Դրանք չեն կարող կերակրել բնակչությանը, չեն կարող կայունացնել ֆինանսական համակարգը, չեն կարող վերականգնել վստահությունը։
Այսօր համաշխարհային շուկաներում, ոսկի և արծաթ գնողները, գուցե չեն մտածում աշխարհաքաղաքականության մասին։ Նրանք պարզապես հետևում են կապիտալի գոյատևման իրենց բնազդին։ Սակայն նրանց գործողությունները առաջարկում են ամենաազնիվ և անաչառ կանխատեսումը։ Նրանք իրենց փողերով քվեարկում են այնպիսի աշխարհի համար, որտեղ իրական արժեքը առանձնացված է քաղաքական գործիչների ամբիցիաներից։
Եվ դա է ցույց տալիս, որ աշխարհը մոտենում է այն «իքս» պահին, երբ պետական և քաղաքական գործիչներից պահանջված են լինելու, ոչ թե պոպոիլիստական, այլ իրական լուծումներ, որոնք իրոք կարող են փրկել աշխարհը նոր արհավիրքներից՝ լինեն դրանք տնտեսական, քաղաքական, թե պատերազմների տեսքով:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am
