Փաշինյանի այցից առաջ Չարենցավանում քաղաքացիներ են ձերբակալվել. նրանք «Մի՛ քանդիր եկեղեցին» պաստառներով խաղաղ ակցիա էին անում
«Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել չարենցավանցիներից, ովքեր դեմ էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա Չարենցավան՝ պատարագի, և հրապարակային խնդրանք էին հղել՝ իրենց քաղաք չգալու և քաղաքը, իրենց բառերով ասած, «չպղծելու»։
Մեզ հետ զրույցում չարենցավանցիներից մեկը՝ Գևորգ Հակոբյանը, ով նախատեսում էր կիրակի իր մի խումբ ընկերների հետ քաղաքացիական ակցիա նախաձեռնել, եթե Փաշինյանը գա քաղաք, «Փաստինֆոյին» պատմեց, որ կիրակի առավոտյան տնից դուրս գալուց իրեն և մի քանի ընկերների ձերբակալել են։
«Մեր ակցիան խաղաղ բնույթ պետք է կրեր։ Մենք թռուցիկներ էինք պատրաստել, որոնց վրա երեք պահանջ էինք ձևակերպել՝ «Մի քանդիր եկեղեցին», «Վերադարձրե՛ք անձնագրայինը», «Արցախը՝ Հայաստան է»։ Այս գրություններով թռուցիկները ցանկանում էինք փոխանցել Փաշինյանին ու նրա կողմնակիցներին։
Իհարկե, այդ մասին մենք ոչ մեկի չէինք ասել, սակայն առավոտյան բոլորիս ձերբակալեցին՝ առանց որևէ պատճառ կամ հիմնավորում ներկայացնելու, և տարան Կոտայքի մարզային վարչություն։ Այնտեղ ասում էին՝ իբր թմրանյութ կամ զենք պահելու պատրվակով»։
Նա նաև տեղեկացրեց, որ մի քանի ժամ անց իրենց բաց են թողել։ «Բնականաբար, ոչ զենք է հայտնաբերվել, ոչ էլ թմրանյութ, փոխարենը մեր նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ իբրև ատելության խոսք տարածելու համար»։
Հակոբյանը տեղեկացրեց, որ առգրավվել է իր հեռախոսը, ինչպես նաև իր ընկերներից մեկի մեքենան։
«Սա ռեպրեսիվ պահվածք է։ Իբրև իրենք հզոր թիմ ունեն, հզոր վարչապետ ունեն, բայց անգամ հինգ հոգու խոսքից են վախենում։ Ի՞նչ պետք է անեինք հինգով իրենց․ պահանջ ունեինք։ Ժողովրդավար երկրում քաղաքացին պահանջ է ձևակերպում, որից սարսափում են»,– ասել է Հակոբյանը։
