Ջերմուկում 2 անչափահասներ ծեծել են հացթուխին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 13-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հունվարի 12-ին ժամը 23։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում գործող հացի արտադրամասի դիմաց անհիմն վիճաբանություն է ծագել Վայոց ձորի մարզի բնակիչներ 42-ամյա Պավել Գ․-ի, 17-ամյա Ա․ Հ․-ի և 17-ամյա Դ․ Ա․-ի միջև, որի ընթացքում վերջինները ձեռքերով հարվածներ են հասցրել Պավել Գ․-ի մարմնի տարբեր մասերին։
Ըստ օպերատիվ տեղեկության այդ ամենից հետո Պավել Գ․-ն վրդովված և վախեցած վազել է դեպի իր աշխատանքի վայր՝ հացի արտադրամաս, վերցրել է աշխատասեղանին դրված իրեն պատկանող աշխատանքային դանակը և վազել դեպի Ա․ Հ․-ի և Դ․ Ա․-ի ուղղությամբ։
Այդ պահին նույն արտադրամասի աշխատակցուհի, Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Հերիքնազ Ա․-ն փորձել է Պավել Գ․-ի ձեռքից վերցնել նշված դանակը ու այդ ընթացքում վերջինիս կողմից կատարված անկանոն շարժումների արդյունքում վնասել է իր ձախ ձեռքի դաստակը։
Պավել Գ․-ն և Հերիքնազ Ա․-ն աշխատում են «Իրինա Սահակյան» ԱՁ-ում, որպես հացթուխներ։
