Թուրքիայի իշխանությունները բնակվարձերի թանկացումը կապում են ռուսական S-400-ների գնման հետ
Թուրքիայի սոցիալական ցանցերում լայն արձագանք է ստացել մի տեսանյութ, որտեղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) տեղական կառույցի ներկայացուցիչը բնակարանների բարձր վարձավճարները փորձում է հիմնավորել Ռուսաստանից «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տեսանյութում քաղաքացուհին դժգոհում է, որ բնակարանների վարձավճարները չափազանց բարձր են, ինչին իշխող կուսակցության ներկայացուցիչը պատասխանում է. «Մենք S-400-ներն ենք գնել, որպեսզի մեր տանիքը ամուր լինի, հրթիռները կանգնեցնենք, մեր տների վրա ռումբեր չընկնեն։ ԱՄՆ-ն մեր դեմ CAATSA պատժամիջոցներ կիրառեց, ինչն ազդել է տնտեսության վրա»։
CAATSA – «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենք:
Տեսանյութի արագ տարածումից հետո արձագանքել է Թուրքիայում գլախավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Բուրհանեթթին Բուլութը՝ քննադատելով իշխանություններին։ Նրա խոսքով՝ իշխանությունը բնակարանային ճգնաժամի լուծման փոխարեն մշտապես «պատրվակներ» է առաջ քաշում։ «Բնակարան չկա, քաղաքականություն չկա, լուծում չկա, փոխարենը՝ շատ արդարացումներ են»,- նշել է Բուլութը։
Քննադատության ալիք բարձրացրած տեսանյութը սոցիալական ցանցերում դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Շատ օգտատերեր նշում են, որ բնակարանային ճգնաժամը պայմանավորված է սխալ տնտեսական քաղաքականությամբ և անբավարար բնակարանային առաջարկով, իսկ «S-400»-ները պարզապես օգտագործվում են որպես արդարացում։
