Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի. «Ազատություն»
«Ազատություն»-ը գրում է. Հայաստանի կառավարությունն ու քաղաքապետարանը Երևանի սիմվոլիկ ու ամենաթանկ հատվածներից մեկի՝ Կասկադի վերնամասի վերակառուցման ներդրումային ծրագիրը վստահել են մի կոնսորցիումի, որի ներդրողներից մեկը 4 տարի առաջ դատարանով սնանկ է ճանաչվել, բացի այդ տարբեր տարիներ դատական գործընթացների մեջ է հայտնվել ինտերնետային ծառայությունների համար չվճարած գումարի, չկատարած վարկային պարտավորությունների պատճառով։

Կասկադի վերակառուցման մրցույթը հաղթել է «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունը, որի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր փեսան։ «Ջի թի բի դիվելոփմենթը» ծրագիրն իրականացնելու համար կոնսորցիում է ստեղծել ԱՄՆ-ում գրանցված երկու բեռնափոխադրող ընկերությունների, ինչպես նաև նորաստեղծ «Ռեալ ջի» և «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունների հետ։ Վերջին երկուսի հիմնադիրն ու սեփականատերը կրկին Տեր-Ղազարյանն է։
Կասկադի վերակառուցման մրցույթի պայմաններում քաղաքապետարանը սահմանել էր, որ մրցույթի մասնակիցը վերջին 7 տարում պետք է կառուցապատած լիներ առնվազն 30 հազար քառակուսի մետր, ներկայացներ դա հավաստող փաստաթղթեր։ Մյուս հիմնական պայմանն այն է, որ մրցույթի մասնակցի վերջին երեք տարվա համախառն շրջանառությունը չպետք է պակաս լիներ 20 միլիարդ դրամից։
Կառավարության կողմից հաստատված և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող Կասկադի վերին հատվածի վերակառուցման ծրագրով նախատեսվում է, որ տարածքի շուրջ 7 հեկտար հողերը կօտարվեն «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությանը՝ 10.5 միլիարդ դրամով, բացի այդ ընկերությունը պարտավորվել է ավելի քան 20 միլիարդի ներդրումներ կատարել տարածքի կառուցապատման ու զարգացման համար։ Կողմերը ընդհանուր ծրագիրը գնահատել են 70 միլիոն դոլար։ «Ջի թի բի դիվելոփմենթ»-ը նաև պարտավորվել է 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ ու թանգարան կառուցել տարածքում ու հանձնել այն քաղաքապետարանին։
Դեկտեմբերի 5-ին քաղաքապետարանն ու «Ջի թի բի դիվելոփմենթ»-ը ստորագրեցին «Կասկադ մշակութային հանգույց» ծրագրի իրականացման պայմանագիրը։ Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ «կոնսորիցումը բաղկացած է ընկերություններից, որոնք ունեն միջազգային փորձառություն բիզնեսի տարբեր ոլորտներում ու հաջողած փորձ պետությունների հետ հարաբերություններում, իսկ վերջիններիս բաժնետերերը՝ գործարար միջազգային կապեր ու համբավ»։

Ստորագրվում է Կասկադի անավարտ հատվածի վերակառուցման պայմանագիրը, դեկտեմբերի 5, 2025թ.
Ստորագրվում է Կասկադի անավարտ հատվածի վերակառուցման պայմանագիրը, դեկտեմբերի 5, 2025թ.
Կասկադի վերակառուցման ծրագրի ներդրող երկու ընկերությունները գրանցված են Միացյալ Նահանգներում, դրանք կապված են Գրիգոր Տեր-Ղազարյանի հնդիկ գործընկեր Բոբբի Կանգի հետ (դրանց կանդրադառնանք հետագայում-հեղինակ)։ Մյուս երկու հայկական ընկերություններից մեկը գրանցվել է 2024-ի վերջին, մյուսը՝ տարվա ընթացքում, դրանց սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ իշխանության աջակցող «Հանրապետություն» կուսակցության նախագահի եղբոր փեսան։ Կասկադում միլիոնավոր դոլարների ներդրման պարտավորություն ստանձնած Տեր-Ղազարյանը 4 տարի առաջ, սակայն սնանկ էր ճանաչվել «Արդշինբանկ»-ից ստացած վարկային պարտավորությունները չկատարելու համար։
Գրիգոր Տեր-Ղազարյան. սնանկություն՝ առանց շարժական ու անշարժ գույքի
«Ազատություն»-ը ծանոթացել է սնանկության գործի պատմությանն ու հիմքերին. ըստ դրա՝ 2008-ի մարտին Գրիգոր Տեր-Ղազարյանը 2 միլիոն դրամի վարկ է ստացել «Արդշինբանկ»-ից և այն ըստ պայմանագրային պարտավորությունների չի մարել, որի հետևանքով արդեն 2018-ին կուտակված պարտավորությունները, ներառյալ տույժերը, կազմել էին 8.6 մլն դրամ, իսկ 2020-ին՝ 10 մլն դրամ։ 2020-ի փետրվարին դատարանը բավարարել է բանկի հայցը, Գրիգոր Տեր-Ղազարյանը ճանաչվել է սնանկ, արգելանք է դրվել նրա շարժական ու անշարժ գույքի վրա, նշանակվել սնանկության կառավարիչ։
Գործով պարտատերեր էին «Արդշինբանկ»-ը՝ 10 մլն դրամի պահանջով, Երևան համայնքը՝ ավելի քան 4 միլիոն դրամի պահանջով (համայնքային հարկերի ու տուրքերի հետ կապված), պարտատերերի «Ալ բարաքա ֆարմ» ընկերությունը, որ 48.5 միլիոն դրամի պահանջ ուներ Տեր-Ղազարյանից։ «Ալ բարաքա ֆարմ»-ն ավելի ուշ հրաժարվել է պահանջից, սակայն սնանկության գործի նյութերում չի նշվում, թե ինչ հիմքով։

Սնանկության կառավարիչը պետական մարմիններից տվյալներ է ստացել, որ Գրիգոր Տեր-Ղազարյանի անվամբ շարժական ու անշարժ գույքեր գրանցված չեն, նա ունեցել է երկու BMW մեքենա, որոնք տարիներ առաջ վաճառել է։ Տեր-Ղազարյանը, սակայն 60 տոկոս բաժենմաս է ունեցել «Արմ-Յուէյի մենեջմենթ ընդ քնսալթինգ» ընկերությունում, որը գնահատվել է ընդամենը 60 հազար դրամ։ Ըստ սնանկության կառավարչի՝ դա այնքան փոքրարժեք է եղել, որ ողջամիտ չի համարվել սնանկության մնացած ընթացակարգերի իրականացումը՝ հաշվի առնելով շարժական ու անշարժ գույքի բացակայությունը։
Այսպիսով, ոչ ոք չի առարկել, ու սնանկության գործը փակվել է։ Սնանկության կառավարիչ Արամ Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ գործը չի ավարտվել առողջացմամբ. «Բացի այդ, նա ունեցել է քաղաքացիական ամուսնություն, այդ պատճառով հնարավոր չի եղել անդրադառնալ կնոջ գույքերին։ Չեմ կարող հիշել հիմա սնանկության բոլոր հիմքերը։ Ես իր հետ այն ժամանակ հանդիպել եմ, խոսել, նա ասել է, որ ի վիճակի չէ վճարելու»,-ասաց Մկրտչյանը՝ հիշելով, որ սնանկության շրջանակում նաև Տեր-Ղազարյանի բանկային հաշիվներն է ստուգել, դրանք եղել են դատարկ։
Եթե Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստր Նոնո Սարգսյանի հետ ամուսնությունը քաղաքացիական բնույթի չլիներ, սնանկության կառավարիչը կփորձեր իրացնել Սարգսյանի գույքերը։ Ըստ դատական փաստաթղթերի՝ Նոնո Սարգսյանը 2021-ին ունեցել է Rollce-Royce և Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաներ։
Սնանկության գործընթացում հնարավոր առողջացման վերաբերյալ Տեր-Ղազարյանը դատարանին հայտնել է՝ նման ցանկություն ունի, բայց հնարավորություն չունի։
Հաշվի առնելով, որ Տեր-Ղազարյանը ներկայում հիմնադրել և սեփականատեր է այլ ընկերությունների, հնարավոր է նաև այլ շարժական ու անշարժ գույքերի, արդյո՞ք ավարտված սնանկության պարտատեր «Արդշինբանկ»-ը կարող է «հետ գալ» իր 10 միլիոն դրամի պարտավորության հետևից, հետաքրքրվեցինք սնանկության կառավարչից։ Ըստ նրա՝ «եթե նոր ի հայտ եկած հանգամանքներ լինեն, հնարավոր է դիմել վերաքննիչ-վճռաբեկ և այլն»։
«Արդշինբանկ»-ը պատասխանելով «Ազատության» գրավոր հարցին, թե հնարավո՞ր է նախորդ չկատարած պարտավորությունների գործընթացը վերսկսել նոր հանգամանքներով պայմանավորված, հայտնել են՝ «սնանկության ավարտի վճռով պարտապանն ազատվել է բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորությունների մարումից»։ Իսկ արդյո՞ք բանկը շարունակել է ֆինանսավորել Տեր-Ղազարյանին, նրա հետ փոխկապակցված ընկերություններին. «Արդշինբանկ»-ը այդ հարցի պատասխանը համարել է բանկային գաղտնիք։
4 հազար 650 դոլարի պարտք «Ինեկոբանկ»-ին, 17 հազար դրամի պարտք՝ «Օրանժ»-ին
Վարկային պարտավորությունները չկատարելը եզակի չի եղել. ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ 2008-ի մարտին Տեր-Ղազարյանը 5 հազար դոլարի վարկ էր ստացել «Ինեկոբանկ»-ից։ 2011-ի ամռանը բանկը դիմել է դատարան՝ հայտնելով, որ վարկի տոկոսների մարումները չեն կատարվել, ու կուտակվել են պարտավորություններ։ 2014-ին դատարանը բավարարել է հայցն ու 4 հազար 652 դոլար բռնագանձել Տեր-Ղազարյանից ու վարկի երաշխավոր «Ինտերգալակսի» ընկերությունից։

2016-ին Տեր-Ղազարյանից գումարի բռնագանձման դատական հայց է ներկայացրել նաև «Օրանժ Արմենիա» (ներկայում «Յուքոմ») հեռահաղորդակցության օպերատորը։ Ըստ հայցի՝ ընկերությունը 2012-ից ինտերնետ ծառայությունների մատուցման պայմանագիր է ստորագրել Տեր-Ղազարյանի հետ, սակայն պատշաճ վճարումներ չեն իրականացվել, գոյացել են տույժեր։ Ի վերջո դատարանը վճռել է Տեր-Ղազարյանից հօգուտ «Օրանժ Արմենիա»-ի բռնագանձել 17 հազար 100 դրամ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
