«Սամվել Կարապետյանի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել կալանավայրում պահման պայմանների պատճառով»․ փաստաբան
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր՝ հունվարի 16-ին, Հակակոռուպցիոն դատարանին մոտ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել կալանավայրում պահման պայմանների պատճառով։
«Սամվել Կարապետյանը՝ որպես բարերար, Հայաստանի համար միայն լավն է արել։ Իսկ այն ինչ կատարվում է նրա նկատմամբ վերջին 7 ամսվա ընթացքում, ոչ միայն հաշվեհարդար է, քաղաքական հետապնդման ամենանենգ դրսևորումը, այլև չգիտեմ ինչ է։ Սամվել Կարապետյանն առողջական որևէ խնդիր չի ունեցել, նա ուժեղ հայ տղամարդ է, բայց կալանավայրում այնպիսի պայմաններում է պահվել, այնպիսի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք, իմ պատկերացմամբ, բացառապես դիտավորությամբ կատարված երևույթներ են։ Խոսքը թոքաբքորի ու կորոնավիրուսի մասին է։ Ես ուղիղ պատճառահետևանքային կապ եմ տեսնում ՔԿՀ–ում գտնվելու ընթացքում պաշտոնյաների անգործության և նրա առողջական խնդիրների միջև։ Բժշկական օգնության ի սպառ բացակայություն է եղել կալանավայրում»,–լրագրողների հետ զրույցում նշեց Վարդևանյանը։
Փաստաբանը նշեց, որ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, այսօր բեկանել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը։
«Դատավոր Սուրեն Խաչատրյանը բեկանել է վարույթ հարուցելու մասին որոշումը։ Մենք փաստաբաններս չունենք դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից։ Չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում այն, ինչն ինքը կայացրել է»,–նշեց փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը ՝ երկու ամիս ժամկետով։
NEWS.am
