Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը
Սա սովորական պրոցես է, որն ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում, և որևէ արտառոց բան չկա: Այդ մասին, այսօր՝ հունվորի 15–ին, կառավարության նիստում հայտարարեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե հեղուկ գազի գինը թանկացել է բենզինի գնի էժանացման շրջանակում, որպեսզի բենզինի վաճառք ապահովեն:
«Ամեն տարի, երբ Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են, և ամեն տարի նոր պատճառաբանություններ են լինում: Սովորական պրոցես է, ապրիլ-մայիս ամիսներին էժան է, դեկտեմբերին թանկ է, և այստեղ լուրջ պրոբլեմ գոյություն չունի, դեֆիցիտ ևս գոյություն չունի»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ դա խնդիր է, և պետք է լուծվի խաղաղության համատեքստում, որպեսզի ՀՀ-ն մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ ունենա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ շատ հավանական է՝ ապրանքատեսակի շարժը տեղի ունենա նաև երկաթգծով՝ գնորդից մինչև վաճառող, «քաղաքակիրթ ճանապարհով»:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 2026 թվականի դեկտեմբերին այդ երևույթը չի լինելու:
