2025 թվականին համաշխարհային տնտեսությանը տարերային աղետների պատճառած համախառն վնասը կազմել է 224 միլիարդ դոլար
Աշխարհի խոշորագույն վերաապահովագրական ընկերության՝ Munich Re-ի տեսության համաձայն՝ 2025 թվականին համաշխարհային տնտեսությանը տարերային աղետների պատճառած համախառն վնասը կազմել է 224 միլիարդ դոլար, ինչը մոտ 40%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից (368 միլիարդ դոլար՝ հաշվի առնելով գնաճը)։
Ապահովագրված վնասի ծավալը կազմել է շուրջ 108 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 147 միլիարդ դոլարի դիմաց։
Այսպիսով, ընդհանուր վնասի մեջ ապահովագրված կորուստների մասնաբաժինը կազմել է գրեթե 48%, մինչդեռ երկարաժամկետ կտրվածքով միջին ցուցանիշը տատանվում է 30%-ի սահմաններում։
Անցնող տարին աչքի է ընկել այսպես կոչված «ոչ գագաթնակետային ռիսկերից» գրանցված ռեկորդային ապահովագրված կորուստներով։ Այս կատեգորիայի մեջ մտնում են ջրհեղեղները, անտառային հրդեհները և ուժեղ փոթորիկները։ Այս մասով ցուցանիշը կազմել է 98 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր վնասը՝ 166 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ տարածքում ոչ մի խոշոր փոթորիկ չի գրանցվել։
Վնասի տեսանկյունից անցյալ տարվա ամենախոշոր տարերային աղետը դարձել են Կալիֆոռնիայի անտառային հրդեհները, որոնք խլել են 30 մարդու կյանք և ամերիկյան տնտեսությանը 53 միլիարդ դոլարի վնաս են հասցրել (այս գումարից մոտ 40 միլիարդ դոլարը ապահովագրված էր)։
Մյանմայում մարտ ամսին տեղի ունեցած երկրաշարժը, որին զոհ է գնացել մոտ 4,5 հազար մարդ, 12 միլիարդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել, սակայն այդ գումարի միայն չնչին մասն է ապահովագրված եղել։
Munich Re-ի տվյալների համաձայն՝ անցյալ տարի տարերային աղետների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է շուրջ 17,2 հազար մարդ՝ նախորդ տարվա 11 հազարի դիմաց։ Վերջին 10 տարվա միջին ցուցանիշը կազմում է 17,8 հազար, իսկ վերջին 30 տարվա ընթացքում՝ 41,9 հազար մարդ։
