Սամվել Կարապետյանն իրենց տնից չի կարող զանգել տղային կամ աղջկան և հարցնել, թե ինչպես են. տնային կալանքի պայմաններն ավելի խիստ են, քան բանտային պայմանները. փաստաբան
Առաջին անգամ ենք խոսում Սամվել Կարապետյանի առողջական վիճակի՝ թոքաբորբ ունենալու մասին, որը վրա է հասել հենց քրեակատարողական հիմնարկում՝ կեցության պայմանների ոչ բարվոք պահպանման հետևանքով, ասուլիսի ժամանակ հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արմեն Ֆերոյանը։
Նրա խոսքով՝ Կարապետյանն իրենց մշտապես հորդորել է, որ ընդհանրապես չխոսեն այդ մասին. «Բայց մենք մշտապես դատական ատյաններում մեր բողոքարկումներում դրա մասին բարձրաձայնել ենք և բոլոր դատավորները հստակ ամրագրել են այն փաստական տվյալը, որ եթե շարունակեն Սամվել Կարապետյանի առողջությանը պատշաճ բժշկական աջակցություն և օգնություն չցուցաբերել, դա հիմք է լինելու խափանման միջոցի փոփոխման համար»։
Նա նշեց, որ այդ պահանջը վարույթն իրականացնող մարմինը շարունակաբար չի իրականացրել, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբոբ։ «Քրեակատարողական հիմնարկի պայմաններում բժիշկը, իբրև թե, իրականացնում էր բուժում և նշում, որ ոչ մի խնդիր էլ չկա։ Ստացվում է, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկներն իրենց ակնադիտական եղանակով հաղթահարում են ՄՌՏ և ԿՏ սարքավորումներին և իզուր են գիտնականները հայտնագործել այդ սարքերը»։
Փաստաբանը, անդրադառնալով սահմանափակումներին, հավելեց, որ Կարապետյանի նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված տնային պայմաններում, քան նրա նկատմամբ գործում էր բանտային պայմաններում. «Օրինակ, Սամվել Կարապետյանն իրենց տնից չի կարող զանգել տղային կամ աղջկան և հարցնել, թե ինչպես են։ Ամբողջությամբ սահմանափակված է այդ հարցը, որը բանտային պայմաններում կարող էր անել։ Բացի այդ, բանտային պայմաններում Սամվել Կարապետյանը կարող էր որոշակի հրապարակումներով հանդես գալ, տնային կալանքի պայմաններում դա ևս սահմանափակված է։ Հետևաբար, այն մարդիկ, որոնց մոտ կա թյուր կարծիք, թե ինչ-որ համաձայնություն կա այս ամենում, ես ուզում եմ փարատել այդ մարդկանց մտավախությունը, որ նման բան չկա։ Սա պարզապես պայմանավորված էր իրավական այն գործընթացով, որ 4 դատավոր արդեն իսկ ամրագրել էին՝ Սամվել Կարապետյանի առողջական վիճակին չհետևելը հիմք է խափանման միջոցի փոփոխման համար»։
Նա շեշտեց՝ տնային կալանքի պայմաններն ավելի խիստ են, քան բանտային պայմանները, պարզապես, տանը կարողանում են համապատասխան ջերմաստիճան ապահովել Սամվել Կարապետյանի համար, որը չէին ապահովում քրեակատարողական հիմնարկում։
