Ինչպե՞ս է Վարդապետյանը «փչացնում» հեռացող կադրերին. Սրբազանների գործով դատախազը փաստաբանությամբ կզբաղվի
NEWS.am տեղեկություններով՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործերով հանրային մեղադրող, դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանի պաշտոնից ազատումը պայմանավորված է նրա՝ համակարգում 20 տարի աշխատելուց հետո թոշակի անցնելու և փաստաբանական գործունեությամբ զբաղվելու որոշմամբ:
Մեզ հայտնի դարձավ, որ Բաղդասարյանը 2025 թվականի դեկտեմբերի 6-ին է փաստաբանի արտոնագիր ստացել: Մինչ այդ նա մերձավոր շրջապատում դժգոհել է, որ այլևս ի վիճակի չէ աշխատելու Վարդապետյանի հետ, սպասում է լրանա ծառայության 20 տարին, որ դուրս գա համակարգից:
Բաղդասարայնը համակարգի պրոֆոսիոնալներից էր և քիչ թե շատ հեղինակություն վայելող կադրերից:
Նա ծնունդով Հրազդանից է, համակարգում է դեռևս 2007 թվականից: Բաղդասարյանը 2007-2012թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ստորաբաժանումներում քննիչի, ավագ քննիչի պաշտոններում, 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծառայել է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում: 2014-2020թթ. ծառայել է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնու, իսկ 2020-2021թթ. զբաղեցրել է նույն բաժնի պետի պաշտոնը: Արման Բաղդասարյանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին և վիրավորվել: 2021թ. օգոստոսի 25-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնին: Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:
Այնուհետև Արման Բաղդասարյանը աշխատանքի է անցել դատախազական համակարգում՝ 2023 թվականին նա նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին, իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հուլիսի հրամանով նշանակվել գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
Նշանակումից հետո Աննա Վարդապետյանը հանձնարարել է Բաղդասարյանին և նույն վարչության դատախազ, ներկայում արդեն վարչության պետի տեղակալ Վահան Հարությունյանին դատարանում պաշտպանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հանրային մեղադրանքը: Հիշեցնենք, որ Աջապահյանի կալանքի որոշումը հաստատած դատախազն էլ հանդիսացել է Արգամ Դալլաքյանը, որը մեկ տարում կարիերայի և ունեցվածքի կտրուկ աճ էր արձանագրել:
Նկատենք, որ Աննա Վարդապետյանի որոշմամբ նախորդ տարվա ամռանը Արման Բաղդասարյանը հանրային մեղադրող է նշանակվել այնպիսի աղմկահարույց գործերով, ինչպիսիք են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, ինչպես նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի (նրա դեմ հաղորդումը ներկայացրել էր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայիս տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը)գործերը:
Ուշագրավ է, որ հանրային հնչեղություն ունեցող գործերում հանրային մեղադրող ներգրավելը համընկել է Բաղդասարյանի կողմից՝ փաստաբանի արտոնագիր ստանալու համար դիմելու ժամանակահատվածի հետ:
Փաստորեն գլխավոր դատախազի աչքից չի վրիպել համակարգից անաղմուկ հեռանալու և վաստակած հանգստի անցնելու Բաղդասարյանի փորձերը, և նա որոշել է իրավապահ համակարգում բարձր հեղինակություն վայելող դատախազին՝ իր կարիերայի ավարտին «փչացնել»՝ քաղաքական գործերը փաթաթելով «նրա վզին»: Վարդապետյանն անգամ հաշվի չի առել Բաղդասարյանի՝ պատերազմում վիրավոր լինելու հանգամանքը և նրան նպատակաուղղված դարձրել է հանրային պարսավանքի թիրախ՝ այդ կերպ, հավանաբար հասկացնելով դատախազության մյուս կադրերին, որ պետական բարիքներից ՝ պարգևներից և պարգևավճարներից, հետագայում նաև բարձր թոշակից օգտվելը ենթադրում է ծառայել իրեն և օրվա իշխանություններին, ինչպես նաև հավասարապես ստանձնել պատասխանատվություն՝ սպասարկելու Փաշինյանի իշխանության օրակարգը:
Ի դեպ՝ Վարդապետյանի պաշտոնավարման տարիներին եղել են դատախազներ՝ այդ թվում մարզային վարչության պետեր, որոնք հրաժարվել են կատարել նրա կամայականությունները և թոշակի անցնելուց ամիսներ առաջ անգամ ստիպված են եղել ազատման դիմում գրել և հեռանալ համակարգից: Ընդ որում, նախկին դատախազներից շատերն այսօր զբաղվում են փաստաբանական գործունեությամբ:
Թե ինչու՞ են համակարգը համատարած լքում պրոֆեսիոնալները, Վարդապետյանին և Փաշինյանին դժվար թե հետաքրքրի, հատկապես, որ դատախազությունում ծառայելու նշաձողն այս իշխանությունների օրոք այնքան է իջեցվել, որ արդարադատության ակադեմիան նոր ավարտած ավարտած երիտասարդ աղջիկները կարող են դատախազությունում ամիսների ընթացքում լուրջ առաջխաղացում ունենալ՝ վերահսկելով իրավապահ մարմինների աշխատանքները, ցուցումներ ու հանձնարարականներ տալ պետության և մարդկանց համար ճակատագրական նշանակության գործերով: Այս և գլխավոր դատախազին վերագրվող շատ հարցեր մնում են անպատասխան, քանի որ գլխավոր դատախազը պատրաստ չէ քննադատություն լսել:
Հանրությանը հուզող հարցերի նկատմամբ Վարդապետյանի արհամարանքի ցայտուն օրինակը դրսևորվեց նախօրեին՝ դատական իշխանության օրվան նվիրված «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» խորագրով պանելային քննարկումից հետո, երբ լրագրողները գլխավոր դատախազին մի քանի կարևոր հարցեր ուղղեցին: Մասնավորապես լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք համաձա՞յն է, որ երկրում ընտրովի արդարադատություն է իրականացվում, որ իրավապահ համակարգը գործիք է դարձել իշխանությունների ձեռքում, ինչպես նաև դիտարկում արեցին, որ դատախազն այնքան է տարված հոգևորականներին կալանավորելու գործընթացով, որ երբ երկրում մեկ անձը չորս ժամում չորս անձի կյանք է խլում, վերջում հայտարարում է, որ ՔՊ անդամ է և անմեղսունակ է ճանաչվում: Այս բոլոր հարցադրումներին սակայն Վարդապետյանը որևէ կերպ չի արձագանքել և չի հերքել, ըստ էության, թույլ տալով ենթադրելու, որ «լռությունը համաձայնության նշան է»: Գլխավոր դատախազի՝ լրագրողների սուր հարցադրումներից «փախչելը» մի փոքր տրամաբանական կլիներ, եթե նա պաշտոնավարումից ի վեր հայտարարեր, որ չի սիրում էկրաններին երևալ և հարցազրույցներ տալ, քանի որ օր ու գիշեր զբաղված է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնելով, սակայն փաստն այն է, որ Վարդապետյանը ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ է տալիս յուրային լրագրողներին և պատմում օրինակ՝ իր մանկական իղձերի, մուլտֆիլմերի սիրելի հերոսների և իր կյանքի այլ՝ «կարևոր» ձեռքբերումների մասին: Մինչդեռ կան բազմաթիվ հարցեր, որոնց Վարդապետյանն ի զորու չէ պատասխանել «լուրջ իրավաբանի» դեմքով. չէ՞ որ, ի վերջո այնքան էլ հեշտ չէ նայել լրագրողների աչքերին կամ տեսախցիկների օբյեկտիվներին, նույնն է թե հանրությանը և հայտարարել, որ «Նիկոլ Փաշինյանը իր գրառումներով ու գործողություններով չի խախտում է սահմանադրական կարգը, թույլ չի տալիս պաշտոնեական լիազորությունների չարաշահում», «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան», «հոգևորականները ավելի լուրջ հանցագործներ են, քան մարդասպանները», «պետությանը մանր-մունր գույք վերադարձնելն ավելի կարևոր է, քան հայ ռազմագերիներին վերադարձնելը», «թմրաշրջանառության դեմ պայքարը լուրջ արդյունքներ է գրանցում», «կիբերհանցագորործությունների և խարդախությունների թիվը նվազել է», «հասարակ մահկանացուների գործերը դատարաններում չեն ձգվում տարիներով» և այլն: Փոխարենն ավելի հեշտ է ամբիոններից հայտարարություններ անել պետության գույքերը վերադարձնելու մասին, հաճոյանալ իշխանություններին և վայելել Փաշինյանի՝ «թալանը վերադարձնել» տենչող ընտրազանգվածի և կապիտալի «վերաբաշխումից» հարստացող օլիգարխների վստահությունը:
Հետաքրքիր է, կա՞ դատախազությունում մեկը, որ պաշտոնը լքելուց առաջ համարձակություն կունենա ճշմարտությունը նրա երեսին ասելու, հասկացնելու, որ գլխավոր դատախազի «թագը» Վարդապետյանի գլխով մեծ է և վաղուց ընկել է «աչքերին, բերանին», երբեմն անգամ «խեղդում է վիզը», թե՞ կշարունակի պատերի հետևում դժգոհել կին դատախազից և համակարգում «գլորել օրերը»՝ սպասելով թոշակի տարիքին անցնելու իր հերթին:
