Հալեպում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը դեռ պահպանվում է
Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարից հետո քաղաքում այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է. եռօրյա մղձավանջային օրերից հետո որոշակի անդորր է տիրում, այդուհանդերձ, իրավիճակն արագորեն փոփոխվում է, և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դեռ պահպանվում է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ մանրամասնելով Հալեպում այս պահին տիրող իրավիճակը՝ հատկապես տրամադրությունները հայ բնակիչների շրջանում:
«Այսօր պատկերը բոլորովին փոխվեց, եռօրյա սարսափելի օրերից հետո այսօր որոշակի անդորր է տիրում»,-նշեց Գաբրիելյանը՝ մանրամասնելով, որ սիրիական բանակի և քրդական ուժերի միջև բախումները շարունակվել են մինչ առավոտ:
Նա մանրամասնեց, որ սիրիական բանակը ի վերջո կարողացել է մտնել այն շրջաններ, որտեղ տեղակայված էին քրդական ուժերը։
«Հիմա իրականացվում են երեք շրջաններից՝ Աշրաֆիեից, Շեյխ Մաքսուդից և Բանի Զեյդից քրդական ուժերի դուրսբերման և նրանց Եփրատի արևելք տեղափոխելու աշխատանքները: Ռազմական գործողություններն ընդհանրապես դադարեցին, կոչ եղավ երեք շրջաններից տեղահանվածներին պատրաստվել վերադառնալ իրենց տներ։ Փառք Աստծո, որ եռօրյա ռազմական գործողությունները նվազագույն վնասներով ավարտվեցին»,-հայտնեց Մարիա Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ այդուհանդերձ, վերջին ժամերին Շեյխ Մաքսուդ շրջանում խնդիր է ծագել, որովհետև քրդական ուժերը մերժել են դուրս գալ, ինչի պատճառով սիրիական բանակը շրջանը դատարկելու նոր ժամկետ է տվել քրդերին:
Նա նշեց, որ ամեն ժամ իրադարձությունը փոփոխությունների է ենթարկվում, և հավանական են նոր բախումներ:
«Ամեն ժամ բան է փոխվում. Շեյխ Մաքսուդի շրջանում, կարծես, խնդիր կա և ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,-ասաց Գաբրիելյանը։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրադրություն է քաղաքի հայ բնակչության շրջանում, Գաբրիելյանն ասաց, որ հայերը շատ չեն տուժել:
«Հայերը շատ չեն տուժել։ Մի քանի տներ վնասվել են և տասնյակ տների պատուհանների ապակիներն են փշրվել միայն»,-շեշտեց Գաբրիելյանը:
Նա հավելեց, որ այս շրջանները քրդական ուժերից դատարկվելուց հետո պիտի սկսվեն ականազերծման գործողությունները և շրջանի անվտանգության ապահովման աշխատանքները։
«Ենթադրվում է, որ կիրակի պետական, կրթական բոլոր հաստատությունները կվերսկսեն իրենց աշխատանքները և քաղաքն իր բնական հունի մեջ կմտնի»,-նշեց Մարիա Գաբրիելյանը։
Նա նաև հայտնեց, որ սիրիական բանակը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 16։00-18։00 միջանցքներ է բացելու նրանց համար, որոնք կցանկանան դուրս գալ Շեյխ Մաքսուդ շրջանից, ինչպես նաև քրդական ուժերին կոչ է արել հանձնել զենքերը։
Մարիա Գաբրիելյանի կարծիքով՝ այդ պայմանները չկատարելու դեպքում սիրիական բանակը, բնականաբար, ռազմական քայլերի կդիմի։
մարդկային անցքեր պիտի բանայ անոնց համար, որոնք կ՜ուզեն դուրս գալ ՇԷՅԽ ՄԱՔՍՈՒՏԻ շրջանէն, նաեւ կոչ ըրաւ քրտական ուժերուն զէնքերը յանձնելու։ Այս պայմանաժամէն ետք այլ քայլի պիտի դիմէ, բնականաբար ռազմական քայլեր…
Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին հայտարարել է Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերի շրջակայքում հրադադարի մասին՝ ռազմական իրավիճակը դադարեցնելու և օրենքի գերակայության ու բնակիչների վերադարձի համար ճանապարհ հարթելու նպատակով։ Նախարարությունը պահանջել է Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող զինված խմբավորումներին լքել տարածքը՝ թույլատրելով նրանց կրել միայն անձնական թեթև զենք։ Սիրիայի արաբական բանակը հանձն է առել ուղեկցել և ապահովել նրանց անվտանգ անցումը երկրի հյուսիս-արևելքում գտնվող տարածքներ:
