Կիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով հարվածից հետո
Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի շտապ նիստ՝ Լվովի մարզի վրա Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռով հարվածից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ նման հարվածը լուրջ անվտանգության սպառնալիք է ներկայացնում եվրոպական մայրցամաքում և փորձություն է անդրատլանտյան հանրության համար։ Մենք պահանջում ենք վճռական պատասխան միջոցներ», – հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պնդում է, որ Լվովի մարզի դեմ կիրառել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ այսպես կոչված «Օրեշնիկ»։
«Մենք դիվանագիտական ուղիներով տեղեկացնում ենք Միացյալ Նահանգներին, մեր եվրոպացի գործընկերներին և բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին այս վտանգավոր հարվածի մանրամասների մասին», – ընդգծել է Սիբիհան։
«Անհեթեթություն է, որ Ռուսաստանը փորձում է արդարացնել այս հարվածը կեղծ «հարձակմամբ Պուտինի նստավայրի վրա», որը երբեք տեղի չի ունեցել։ Սա ևս մեկ ապացույց է, որ Մոսկվային իրական պատճառներ պետք չեն ահաբեկչության և պատերազմի համար», – հավելել է արտգործնախարարը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերից հայտնել են, որ ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 36 հրթիռ և 242 անօդաչու թռչող սարք։ Կիևում 4 մարդ է զոհվել, Լվովում հարվածի տակ է հայտնվել կարևոր ենթակառուցվածքի օբյեկտ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակմանն ի պատասխան»՝ հունվարի 9-ի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ սկսել են «մեծածավալ հարված՝ հեռահար, ցամաքային և ծովային տեղակայման ճշգրիտ զենքերով, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համակարգով», ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։
Ռուսաստանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 29-ին Ուկրաինան հարձակում է գործել նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։ Ուկրաինան հերքել է այս տեղեկությունը։
