ԱՄՆ-ն ողջունել է Հալեպում հայտարարված հրադադարը
Միացյալ Նահանգները ողջունել է Սիրիայի պաշտպանության նախարարության կողմից Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ հայտնել է Սիրիայում ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։
«Միացյալ Նահանգները ջերմորեն ողջունում է Հալեպի Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերում գիշերը ձեռք բերված ժամանակավոր հրադադարը և խորը երախտագիտություն է հայտնում բոլոր կողմերին՝ Սիրիայի կառավարությանը, Սիրիայի դեմոկրատական ուժերին, տեղական իշխանություններին և համայնքային առաջնորդներին՝ այս կարևոր դադարը հնարավոր դարձրած զսպվածության և բարի կամքի համար», – նշել է նա գրառման մեջ։
Նա հույս է հայտնել առաջիկայում ավելի երկարատև անդորրի և ավելի խորը երկխոսության՝ շեշտելով համագործակցության կարևորությունը բախման փոխարեն։
«Մենք ինտենսիվ աշխատում ենք այս հրադադարը և փոխըմբռնման ոգին երկարաձգելու ուղղությամբ՝ այսօր առավոտյան ժամը 9-ի վերջնաժամկետից հետո»,- նշել է նա։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հալեպի Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերի շրջակայքում հրադադարի մասին՝ ռազմական իրավիճակը դադարեցնելու և օրենքի գերակայության ու բնակիչների վերադարձի համար ճանապարհ հարթելու նպատակով։ Նախարարությունը պահանջել է Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող զինված խմբավորումներին լքել տարածքը՝ թույլատրելով նրանց կրել միայն անձնական թեթև զենք։ Սիրիայի արաբական բանակը հանձն է առել ուղեկցել և ապահովել նրանց անվտանգ անցումը երկրի հյուսիս-արևելքում գտնվող տարածքներ։
Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։
