Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է «Օրեշնիկ» հրթիռային համալիրի կիրառումը Ուկրաինայի դեմ
Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի տարածքում իրականացրել են զանգվածային հարված՝ կիրառելով «Օրեշնիկ» միջին հեռահարության շարժական հրթիռային համալիրը։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հարձակմանը ներգրավված են եղել նաև ցամաքային և ծովային բազավորման բարձր ճշգրտության հեռահար միջոցներ, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտներին։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ գործողությունը եղել է պատասխան քայլ՝ Կիևի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի նստավայրի ուղղությամբ իրականացված հարձակման փորձին։
