Հայտարարությունը կա, հանձնաժողովը՝ ոչ. ԿԿ հանձնաժողովի անդամի ընտրությունները ձախողված են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի նոյեմբերից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության շուրջ կրքերը շարունակում են թեժ մնալ։ Եվ ի վերջո, անհասկանալի է՝ թե որտեղ է թաղված շան գլուխը։ Այսինքն անհասկանալի է՝ իշխանությանն անհրաժեշտ է, որ կառույցն աշխատի, թե՞ աշխատի այն դեպքում երբ իրենց սրտի թեկնածուն կունենան միայն։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին ընտրում է Ազգային ժողովում ձևավորված մրցութային խորհուրդը։ Թվում է, թե այդ խորհուրդը պետք է ամենաանաչառը, թափանցիկն ու հաշվետվողականը լինի, որովհետև այդքան կարևոր պաշտոնում մարդ է ընտրում, բայց արի ու տես, որ դա ամենևին էլ այդպես չէ։
Ազգային ժողովի կայքի համապատասխան բաժնում հրապարակված վերջին հայտարարությունը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին է։
Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի՝ մրցութային խորհուրդը ձևավորվում է, որն էլ ապահովում է մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, սահմանում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն։
ԱԺ կայքի մրցութային խորհրդի կազմ բաժնից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանոմ է, որ 22․10․2025թ․հրապարակված խորհրդի կազմն է, որն առկա է նաև ԱԺ նախագահի որոշումների բաժնում։ Նշված կազմը վերաբերում է նախորդ մրցույթին, հետևաբար այն դադարել է գոյություն ունենալ։ Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար նոր մրցութային խորհուրդ է ձևավորվում և սովորաբար որոշումը հրապարակվում է ԱԺ նախագահի որոշումներ բաժնում։
16․12․2025 հայտարարության մեջ հղումները ևս տանում են նախորդ մրցութային խորհուրդների նախորդ որոշումներին։
Ստացվում է այնպես, որ խորհուրդ չի ձևավորվել, բայց, բավական չէ հայտարարություն է տեղադրվել, մի բան էլ ուժը կորցրած որոշումներին է հղում արվել։
Ըստ հրապարակված վերջին հայտարարության՝ նոր մրցույթի վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 07-ն էր, որից անցել է արդեն 2 օր, բայց ոչ մրցութային խորհրդի կազմն է հայտնի, ոչ գոյություն չունեցող խորհրդի որոշումներն են առկա։ Բայց արի ու տես, որ գոյություն չունեցող խորհուրդը հայտարարություն է հրապարակել։
Ի հավելումն նշենք, որ ոչ ոք այդպես էլ չիմացանք, թե 2025 թվականի նոյեմբերի 26-ի վերջնաժամկետով թափուր պաշտոնի համար մրցույթին դիմող եղել էր, թե՝ ոչ, որովհետև Աժ կայքում առ այսօր այդ ինֆոն էլ չկա։
Հարկ է նշել՝ չի բացառվում, որ սովորույթի համաձայն հետին ամսաթվով որոշումներ հրապարակվեն։
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհուրդն առաջարկել էր Վահե Մկրտչյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացնում էր Արուսյակ Ջուլհակյանը, ով պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի եւ Ռուբեն Ռուբինյանի այն հարցին, թե ով է եղել մյուս թեկնածուն, եւ ինչու են հենց Վահե Մկրտչյանին ընտրել՝ այդպես էլ չպատասխանեց:
«Ժողովուրդ» օրաթերթը հաճախ է գրել, որ Արուսյակ Ջուլհակյանի եւ շուրջ երկու տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի մտերիմ կապի մասին շատերին է հայտնի. եւ թերեւս դրանով է պայմանավորված, որ Ազգային ժողովը Ջուլհակյանի թեթեւ ձեռքով ընկերուհու՝ Մարիամ Գալստյանի համար ոչ հաճելի անձանց չի ընտրում հանձնաժողովի անդամի պաշտոնում: Կարճ ասած, ՔՊ-ն Արուսյակ Ջուլհակյանի դռմքով անկախ մարմինըփաստացի ղեկավարում է»։
