Եկեղեցու մաքրագործման կարգ եւ միասնական ժամերգություն է կատարվել Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական ժամերգությունից առաջ կատարվեց եկեղեցին մաքրագործելու կարգ, որը Մայր Մաշտոցում կոչվում է «Եկեղեցի սրբելու (կամ սրբագործելու) կարգ, որ պղծվել էր անօրենների մոլեգնությունից»:
Սուրբ Ծննդյան տոնին նշյալ եկեղեցում արարողություն է անցկացրել կարգալույծ հոգևորական և համաձայն եկեղեցական կանոնի պետք է եկեղեցին մաքրագործվեր:
Կարգը կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն՝ Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ըստ կարգի՝ խորանը լվացվեց ջրով, գինով և ընթերցվեց զորավոր և մաքրագործող աղոթք:
Արարողության ավարտին հանդիսապետությամբ Սրբազան Հոր, աղոթակցությամբ թեմի հոգևոր դասի, վանականների, հավատավոր զավակների, կատարվեց միասնական ժամերգություն և միասնական աղոթք՝ հանիրավի ազատազրկված մեր հոգևոր հայրերի ու զավակների, գերության մեջ գտնվող և անհետ կորած զավակների, Սուրբ Եկեղեցու անսասանության և հայրենիքի բարօրության համար:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Սուրբ Ծննդյան շրջանն է և հավատավոր զավակներն իրար ողջունում են կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ….», անսալով այս խոսքին՝ բացենք մեր սրտի դուռը Տիրոջ առաջ, թույլ տանք Փրկչին ծնվել յուրաքանչյուրիս սրտերից ներս և հետևենք եկեղեցու հայրերի խրատներին
ու դառնանք աստվածայինին հաղորդակից. «Աստված մարդացավ, որպեսզի մարդ Աստվածանա».Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի:
