Իսրայելը բողոքում է. «Թել Ավիվին քանի՞ «ոչ» է մնացել ասելու Անկարային»
Իսրայելական մամուլում լայնորեն շրջանառվում է այն տեսակետը, թե Թուրքիային մերժելու Թել Ավիվի կարողունակությունը հետզհետե թուլանում է, ինչը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև եղած հարաբերությունների գործոնով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդպես է գրում «The Jerusalem Post»-ը՝ մասնավորապես պնդելով, որ թե՛ Գազայում և թե՛ Սիրիայում Անկարային չեզոքացնելու Իսրայելի հնարավորությունները լրջորեն նվազում են, ինչն ուղղակիորեն ազդում է Մերձավոր Արևելքի ծրագրերում Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու վրա:
Իսրայելական թերթը, Գազայում միջազգային խաղաղապահ խմբի կյանքի կոչման հարցում անանուն աղբյուրին հղում անելով, հռետորական հարց է տալիս. «Գազայում թուրքական ուժերին «ոչ» ասելուց հետո հարց է առաջանում, թե Իսրայելին քանի՞ «ոչ» է մնացել ասելու»:
