Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել և տեղափոխվել այլ պաշտոնի
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը հայտարարել է հրաժարականի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
Նա ղեկավարում էր գերատեսչությունը 2022 թվականի հուլիսից։«Ես հրաժարական եմ տալիս Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից։ Ես կմնամ Անվտանգության ծառայության համակարգում՝ համաշխարհային մակարդակի ասիմետրիկ հատուկ գործողություններ իրականացնելու համար, որոնք կշարունակեն առավելագույն վնաս հասցնել թշնամուն։ Վստահ եմ, որ ուժեղ և ժամանակակից հետախուզական ծառայությունը մեր պետության անվտանգության բանալին է։ Ուկրաինայի նախագահի կողմից պաշտպանության ոլորտում իրականացվող փոփոխությունները նպատակաուղղված են դրան, և ես շնորհակալ եմ նրան», – գրել է Մալյուկը սոցիալական ցանցերում։
«ՌԲԿ-Ուկրաինա»-ն նաև գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է Վասիլ Մալյուկին ղեկավարել Անվտանգության ծառայության կազմում նոր հիմնական ստորաբաժանում, որը կկենտրոնանա Ռուսաստանի դեմ գործողությունների վրա։«Ես հանդիպել եմ Վասիլ Մալյուկի հետ։ Ես շնորհակալություն եմ հայտնել նրան մարտական աշխատանքի համար և առաջարկել, որ նա կենտրոնանա հատկապես այս տեսակի աշխատանքի վրա», – Զելենսկու խոսքերն է մեջբերում պարբերականը։
Աղբյուրներին հղում անելով՝ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն նաև գրում է, որ Վասիլ Մալյուկի հրաժարականից հետո Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Եվգենի Հմարային։ 2025 թվականի օգոստոսի 25-ին Եվգենի Հմարան նշանակվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունների «Ա» կենտրոնի ղեկավար։ Նա 2023 թվականին աչքի էր ընկել՝ ղեկավարելով ռուսական ուժերից Զմեինի կղզու ազատագրման հատուկ գործողությունը։
