Թրամփը չի բացառել Կոլումբիայում ևս գործողություն իրականացնելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը։
«Կոլումբիան ևս շատ հիվանդ է, այն կառավարում է հիվանդ մարդ, որը սիրում է կոկաին արտադրել ու վաճառել այն Միացյալ Նահանգներին։ Եվ նա երկար չի շարունակելու դա անել»,- CNN-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք դա ենթադրում է, որ ամերիկյան ռազմական ուժերը կարող են ապագայում գործողություն իրականացնել Կոլումբիայում՝ Թրամփն ասել է․ «Վատ չի հնչում»։
Թրամփը խոսել է նաև ԱՄՆ-ի հարավային հարևանի՝ Մեքսիկայի մասին՝ նշելով, որ այդ երկիրը պետք է վերանայի իր գործողությունները , քանի որ այն ևս հայտնի է թմրանյութերի շրջանառությամբ և ամերիկյան կողմը ստիպված է լինելու քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ իրենք առաջարկել են օգնություն Մեքսիկային, սակայն այդ օգնությունը չի ընդունվել՝ արձանագրելով, որ այդ երկրի նախագահը «մի փոքր վախենում է»։
Անդրադառնալով Կուբային՝ Թրամփը կարծիք է հայտնել, որ այդ երկրի իշխանությունները տապալվելու են․ «Չեմ կարծում, որ մենք որևէ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն կունենանք»։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 2-ի գիշերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։
