Կստանա՞ն արդյոք բողոքները մասշտաբային բնույթ և կվերածվեն արդյոք հակահոգևորական երանգներ
Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ուսանողները և մանր առևտրականները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով կանգնեցնել իրանական արժույթի արժեզրկումը։
Բողոքների մասշտաբները մի կողմից սարսափելիորեն չափազանցվում են, մյուս կողմից էլ պնդվում է, թե այնտեղ ամեն ինչ «հանգիստ» է, իսկ զանգվածային բողոքների մասին տեղեկությունները ուռճացնում են «թշնամական լրատվամիջոցները»։
Իրականում բողոքներ կան, և դրանք տեղի են ունենում տասնյակ քաղաքներում։ Այո՛, մարդիկ դուրս են գալիս փողոց, և այս պահին ցուցարարների մեծամասնությունը բողոքում է նախագահ Փեզեշկիանի կառավարության դեմ, այլ ոչ թե հոգևոր իշխանության։
Բայց սա առայժմ, քանզի խոշոր քաղաքների փողոցներում մարդկանց թիվը դեռևս մեծ չէ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Իսրայելի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներգրավվածությունը իրանական որոշ շրջաններում (հատկապես այնտեղ, որտեղ կոմպակտ բնակվում են աֆղանստանցի փախստականներ, բելուջներ և իրանական թյուրքեր), սադրիչները դիմում են նաև զենքի կիրառման և զանգվածային ապակայունացման քայլերի։ Արդեն կան տեղեկություններ կառավարամետ «Բասիջ» կազմակերպության անդամների զոհվելու մասին։
Իրանը համակարգված կերպով փորձում են ապակայունացնել, և հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական նշանակությունը՝ Լիբիայից մինչև Չինաստան, և Հարավային Կովկասից մինչև Պարսից ծոց դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե այս երկիրը դեստաբիլացվի։
Կրակի վրա յուղ է լցնում ԱՄՆ-ը, որտեղ անձամբ նախագահ Թրամփը կոչ է արել իրանցի ցուցարարներին «գնալ մինչև վերջ» և խոստացել է աջակցություն Իրանի իշխող էլիտայի տապալման հարցում։
Այս հայտարարությանը իրանական պաշտոնյաները կոշտ են արձագանքել և արդեն խոստացել են ԱՄՆ-ին բազմաթիվ տհաճ «անակնկալներ», եթե Վաշինգտոնը չդադարեցնի միջամտությունը Իրանի ներքին գործերին։
Ի դեպ, հիշեցնեմ, որ խոսքը այն նույն ԱՄՆ-ի մասին է, որը TRIPP-ի անվան տակ փաստացիորեն ձևավորում է Հայաստանի տարածքով միջանցք՝ Իրանին թշնամի Թուրքիայի և Ադրբեջանի համար։
Եվ այո՛, կրկնեմ` այդ տեղեկությանը Իրանից պետք է շատ զգույշ վերաբերվել , քանզի երկրում համացանցը գրեթե չի գործում և լուրերի հավաստիությունը խիստ կասկածելի է։
Այժմ հարցն այն է՝ կստանա՞ն արդյոք բողոքները մասշտաբային բնույթ և կվերածվեն արդյոք հակահոգևորական երանգներ։
Այս պահին միանշանակ ինչ-որ բան ասելը դժվար է՝ Իրանից վստահելի տեղեկատվության բացակայության պատճառով։ Սակայն, չնայած մեծ աղմուկին, Իրանի ուժայինները առայժմ վերահսկում են բողոքների տեմպը։
Ամեն դեպքում մաղթենք մեր բարի հարևան Իրանին՝ տոկունություն ու դիմակայելու ուժ, իսկ իրանցի ժողովրդին՝ իմաստություն, որպեսզի նրանք չդառնան գլոբալ Արևմուտքի և թուրք-ադրբեջանական սադրիչների ձեռքին խամաճիկ։
Արման Աբովյան
