Վառոդի տակառի վրա
Խնդրում եմ սա չհամարել ադրբեջանական խոսույթ, բայց մեր սուտի կառավարիչը ոչ թե Թրամփի ուղի է բացում, այլ հենց Զանգեզուրի միջանցք: Կորիդոր, որով Թուրքիան ու Ադրբեջանը կապվում են իրար, և որից տնտեսապես տուժում են Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը: Էլ չեմ խոսում այդ կորիդորով Իրանի հյուսիս ՆԱՏՕ-ի ներթափանցման մասին, ինչը հղի է միանգամայն այլ կարգի վտանքներով ամբողջ տարածաշրջանի համար: Այսինքն, մեր այս սուտի կառավարիչը Վաշինգտոնում մի թուղթ է ստորագրել, որ ոչ միայն Հայաստանի շահերից չի բխում, այլև կարող է պատուհաս դառնալ ողջ տարածաշրջանի գլխին: Այլ խոսքով՝ կարող է պատերազմի պատճառ դառնալ:
Ինչի՞ մասին էր իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմը: Ինչպես այդ պատերազմը, այնպես էլ տասնամյակների պատմություն ունեցող իրանա-իսրայելական հակամարտությունը մեկ բանի մասին է՝ բացառել երրորդ ուժերի ներթափանցումը տարածաշրջան և թույլ չտալ Թուրքիայի մեծթուրանական նկրտումների իրականացում: Մեր սուտի կառավարիչն իր վարած պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականությամբ, փաստորեն, թե երրորդ ուժերի բերեց տարածաշրջան և թե կանաչ լույս վառեց Թուրքիայի առջև՝ թուրքական աշխարհի միավորման և մինչև Չինաստանի սահմաններ ծավալվելու համար: Հայաստանն, ըստ էության, խախտեց ուժերի բալանսը՝ թուլացնելով Ռուսաստանի և Իրանի դիրքերը տարածաշրջանում: Սա է ամբողջը: Թե Արցախի հանձնումն ու հայաթափումը, թե Հայաստանի Հանրապետության զգալի տարածքների օկուպացիան, թե այսպես կոչված Թրամփի ուղին այս նույն օպերայից են: Ռուս-ուկրաինական, անվերջանալի թվացող պատերազմը, Սիրիայի անկումը, Իրանի դեմ ագրեսիան, վրացական ընդդիմության վերջին շրջանի կատաղի ակցիաները, այսօր Իրանում նկատվող գունավոր խեղկատակության նոպաները, աֆղանա-տաջիկական սահմանի անհանգստությունը և էլի շատ կոնֆլիկտներ, որոնք այս կամ այն կերպ առնչակից են Հրավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին, միով բանիվ կապվում են նաև մեր սուտի կառավարչի հռչակած սուտի խաղաղության հետ:
Ի՞նչ խաղաղության մասին են խոսում մեր սուտի կառավարիչները: Այն, որ Ադրբեջանը չի կրակում, արդեն խաղաղությո՞ւն է: Մի շարժակազմ անասնակեր, մի շարժակազմ էլ բենզին մտավ Ադրբեջանից՝ վե՞րջ, սա խաղաղությո՞ւն է: Կարո՞ղ ենք այս խաղաղությունը համեմատել, ասենք, Ֆրանսիայի և Իսպանիայի միջև խաղաղության հետ: Բնականաբար, չենք կարող, որովհետև Ֆրանսիան և Իսպանիան տարածքային նկրտումներ չունեն միմյանց նկատմամբ, միմյանց մոտ ռազմագերիներ չունեն, կորիդորների կռիվ չեն անում, չեն անում քայլեր, որոնք կվտանգեին ողջ Եվրոպայի ապագան: Մենք նստել վառոդի տակառի վրա՝ խաղաղությունից ենք խոսում, ձեռքի հետ էլ ինքնագլուխ փորփրում վառոդը: Թե բա Թրամփի ուղի… Գոնե գիտե՞ս, թե ում համար է Թրամփը բացում այն և ինչ նպատակով:
Խաղաղություն բերած մարդը խաղաղ է լինում նաև ներսից: Եվ ուրեմն, ինչո՞ւ են այս սուտի կառավարիչներն այսքան անհանգիստ ներսում: Էլ ունեզրկում, էլ եկեղեցու դեմ պայքար, էլ ազատ խոսքի կալանք, էլ դատախազապետություն, էլ ոտիկանապետություն, էլ, էլ, էլ… Խաղաղությո՞ւն եք բերել՝ հանգիստ վեր ընկեք տեղներդ, ինչո՞ւ չեք խաղաղվում ինքներդ: Սա նույնպես փաստ է, որ խոսում է սրանց բերած խաղաղության հարաբերականության, ավելի ճիշտ՝ սուտ ու կեղծ լինելու մասին: Իրենք շատ լավ գիտեն, որ այս սուտի խաղաղությունն անգամ իրենց բերածը չէ, որ իրենք իրենց վարած քաղաքականությամբ Հայաստանը վաղուց դուրս դրել տարածաշրջանային գործընթացներից, կատարել քայլեր որոնք հանգեցրել են ողջ տարածաշրջանում իրավիճակի աննախադեպ լարվածության:
Մենք այսպես երկար չենք ձգի: Մենք շատ մոտ ենք սուտի կառավարչի այն հայտարարության իրագործմանը, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այ հիմա որ տարածաշրջանը գըմփա, ամեն ինչ հենց այդպես էլ կդասավորվի՝ ինքը չի լինի վարչապետ, բայց Հայաստանն էլ չի լինի, որ վարչապետ ունենա: Մի քանի ամիս հետո, եթե այդքան ձգենք, պիտի ամեն ինչ անենք, որ ընտրություններով այս սուտ կառավարիչներից ազատվենք, այլապես իրենք են մեզնից ազատվելու՝ ոչնչացնելով Հայաստանը:
Էդիկ Անդրեասյան
«Հրապարակ օրաթերթ»
