Հայաստանը դեմ չէ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին». Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ ընդգծելով, որ թուրք-հայաստանյան հարաբերությունների առաջընթացը նախևառաջ կախված է Երևանի և Բաքվի միջև համաձայնագրից։
Ուրալօղլուն ասել է, որ բանակցություններ է վարել ինչպես նախկին, այնպես էլ ներկա ՀՀ տրանսպորտի նախարարների հետ և ստացել է հավաստիացումներ, որ Հայաստանը մտադրություն չունի խոչընդոտել «միջանցքի» նախագիծը։
«Ադրբեջանն ու Հայաստանը նախ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան: Դրանից հետո Թուրքիան կկարողանա քայլեր ձեռնարկել Հայաստանի նկատմամբ՝ բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում: Սա նաև մեր նախագահի դիրքորոշումն է»:
Թուրք նախարարը ընդգծեց «միջանցքի» ռազմավարական նշանակությունը.
«Այս երթուղին մեծ արժեք ունի մեզ համար։ Այն նաև կապահովի ուղիղ տրանսպորտային կապ թյուրքական աշխարհի և թյուրքական պետությունների հետ»:
