Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում․ 5 հոգևորական, որից 4-ը Սրբազաններ
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում: 5 հոգևորական, որից 4-ը Սրբազաններ: Առողջություն Միքայել Սրբազանին, ով այս օրերին հիվանդանոցում է:
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, մեդիադեմքեր Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Մովսես Քարտաշյանը, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Մանուկյանը, ՀՀԿ-ական Գարիկ Ադամյանը բանտում են:
Հիշեցնեմ, որ թեպետ մի շարք քաղաքական հետապնդման ենթակա անձինք բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ խափանման տարբեր միջոցներ են ընտրված:
Օրինակ մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ են բավականին խիստ սահմանափակումներով:
Մի քանի տասնյակ անձինք, այդ թվում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստանը, նահատակված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, Լիդյա Մանթաշյանը վարչական վերահսկողության տակ է, իսկ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցն այս տարի թեպետ փոխվել է (15 ամիս բանտում էր, 11 ամիս տնային կալանքի ռեժիմում), սակայն իշխանության քաղաքական հետապնդումները նրա նկատմամբ ակտիվ շարունակվում են:
«Սրբազան պայքարի» գործով տարբեր քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավիճակի, խափանման տարաբնույթ ռեժիմներ են կիրառվում:
Ներողություն եմ խնդրում այն անձանցից, ում անունը չեմ հիշատակում, որովհետև ցանկը շատ երկար է և դժվար է բոլորին մտաբերել:
Ազատությո՛ւն իշխանության քաղաքական հետապնդումներին ենթարկվող բոլոր քաղաքացիներին, համբերություն և ուժ նրանց ընտանիքներին»:
