ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում է Թուրքիային F-35-երի մատակարարումը. Թրամփ
Միացյալ Նահանգները «շատ լրջորեն» դիտարկում է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
ԱՄՆ ղեկավարին հարց են ուղղել՝ արդյոք Վաշինգտոնը F-35-եր կվաճառի Անկարային։
«Մենք շատ լրջորեն ենք մտածում այդ մասին», – Թրամփի խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։
Սպիտակ տան ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ մի պարագայում չի օգտագործի այդ կործանիչներն Իսրայելի դեմ:
«Նա երբեք չի օգտագործի դրանք Իսրայելի դեմ», – համոզված է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը:
ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր F-35-երի մշակման ծրագրից 2019 թվականին, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան գնեց ռուսական զենիթահրթիռային համակարգեր։
