Փաշինյանն Ալիևի առաջ Հայոց Եկեղեցին քանդելու հանձնառություն է ստանձնել. Աննա Գրիգորյան
Եթե Փաշինյանը փորձի տոնական օրերին՝ մինչև Սուրբ Ծնունդը, կալանավորել Կաթողիկոսին, մեծ զայրույթ կառաջացնի մարդկանց մոտ: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը միաժամանակ ընդգծեց նաև, որ գուցե Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր հետաձգի այդ որոշումը, բայց հետ չի կանգնի։
«Փաշինյանը հետ չի կանգնելու Եկեղեցու քանդման օրակարգից, որովհետև սա ներքին հարց չէ, ադրբեջանական հրահանգով արվող գործընթաց է, իրեն հանձնարարել են, ինքն իրականացնում է, հետ կանգնելու որոշում կայացնողը ինքը չէ: Ալիևի պահանջն է կատարում, հետ քայլ անել չի կարող, հանձնառություն է ստանձնել»:
Ըստ Աննա Գրիգորյանի, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ սկսած օրակարգը տանելու է այնքան, որքան իրեն անհրաժեշտ է:
«Սա էլեկտորալ առումով ոչինչ չի տալիս իրեն, անգամ հարվածում է, որովհետև քաղաքական կողմնորոշում չունեցող քաղաքացիներն էլ են նողկանք ապրում էս գործընթացից, չեն հասկանում, որ աշխարհի խնդիրները կան մեր երկրում, ամեն 4-րդը աղքատ է, ինքն առավոտից իրիկուն խոսում է Կաթողիկոսի ու մյուս հոգևարականների հեռացման մասին: Պարզապես Ադրբեջանի պահանջն է. մեր երկրում չպիտի գտնվի մեկը, ով կխոսի Արցախի, արցախահայության իրավունքի մասին»:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ եթե ՀՀ ղեկավարն ունենար ադրբեջանական անուն-ազգանուն, ամբողջովին նույն քայլերն էր անելու, գուցե ավելի հարգալից լիներ հոգևարականների հանդեպ:
«Եկեղեցին շատ հալածանքների միջով է անցել, բայց երբեք այսքան անպատվության չի արժանացել»,-ասաց նա:
