Ալեն Սիմոնյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում․ թիմի ներսում դժգոհ են նրանից․ «Ժողովուրդ»
ArmLur.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին ՔՊ թիմում Ալեն Սիմոնյանի դեմ դժգոհության շատ մեծ ալիք է բարձրացել։
Բանն այն է, որ ՔՊ վարչության նիստերի ժամանակ, երբ քննարկվել է տարբեր ՔՊ-ականների՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդգրկվելու հարցը, Ալեն Սիմոնյանը գրեթե բոլորի նկատմամբ որդեգրել է շատ ագրեսիվ, հարձակողական դիրք։ Կարելի է ասել՝ այդ «հարցաքննությունների» ընթացքում նա ամեն ինչ արել է՝ Նիկոլ Փաշինյանի աչքում իր թիմակիցներին «վատ լույսի տակ ներկայացնելու» համար։
Մեր աղբյուրները նշում են, որ այժմ ՔՊ-ականների մի մեծ «բանակ» պատրաստվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներ ունենալ և նրան ներկայացնել, թե Սիմոնյանն ու նրա թիմը ինչ քայլերի են դիմում։ Ըստ նույն աղբյուրների՝ նրանք ամեն ինչ անում են՝ գերիշխող դիրք զբաղեցնելու համար թե՛ ՔՊ վարչությունում, թե՛ հայրենի խորհրդարանում։
Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանից առանձին հանդիպումներ են խնդրել՝ Սիմոնյանի և նրա թիմի «խարդավանքների» հետ կապված փաստեր ներկայացնելու նպատակով։
Նույնիսկ ՔՊ-ականներն իրենց ներքին խոսակցություններում հայտարարել են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Ալեն Սիմոնյանն այլևս չզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը։
Չնայած դրան՝ ՔՊ վերնախավը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան դժգոհ է Ալեն Սիմոնյանից, որ այդ հարցում ունի որոշում։
Ի դեպ, կառավարությունում արդեն տևական ժամանակ է՝ ներքին քննարկումներ են ընթանում ԱԺ նախագահի պաշտոնի շուրջ։ Եթե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն ԱԺ-ում մեծամասնություն կազմի, ապա, ըստ շրջանառվող տեղեկությունների, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կղեկավարի հայրենի խորհրդարանը։
Թե առաջիկայում ինչի կհասնեն ՔՊ-ականները Ալեն Սիմոնյանի հարցում՝ դեռ վաղ է ասել։ Սակայն ակնհայտ է, որ նրա շուրջ լուրջ զարգացումներ են սպասվում, և ՔՊ-ականները չեն պատրաստվում «ձեռքերը ծալած» նստել։
