...թութակի պես կրկնում են ՔՊ-ականները, նույնիսկ չգիտակցելով․․․
Հիբրիդային պատերազմ, հիբրիդային պատերազմ...թութակի պես կրկնում են ՔՊ-ականները, նույնիսկ չգիտակցելով, որ հիբրիդային պատերազմը հենց իրենց ասածն ու արածն է, այլ ոչ թե ռուսական անհայտ ծագման, կամ ընդդիմադիր շրջանակների ու իրենց վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցների որևէ արարք:
Հիբրիդային պատերազմը հայոց եկեղեցու դեմ իրենց ձեռնարկած նողկալի ու անհեռանկար արշավն է, որի ընթացքում այնքան են չափն անցել, որ օրը ցերեկով Քրեական օրենսգրքի բազում հոդվածներ են խախտում, իրավապահ համակարգին էլ ստիպում դրա վրա աչք փակել: Երբ իրենց գարշելի ծրագիրն իրականացնելու համար ազգի փոքրաթիվ անառողջ հատվածի նսեմ կրքերն են խրախուսում և նրանց անհավատությունից օգտվում: Փոխանակ կրթեն ու բարձրացնեն:
Հիբրիդային պատերազմը պատարագից կաթողիկոսի անունը զեղչելն է, այդ մի քանի տողը չհնչեցնելը կյանքի նպատակ դարձնելը, երբ ազգի մյուս մասն էլ (գերակշռող մասը) իր կյանքի նպատակ է դարձնում Վեհափառի հիշատակումը պատարագի տեքստում:
Հիբրիդային պատերազմը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն էր, ապա անամոթաբար պնդելը, թե այն երբեք հայկական չի եղել և Արցախի անկախության հարցն էլ երբեք չի քննարկվել: Նաև Արցախի հարցը փակելու փորձերը:
Հիբրիդային պատերազմը հայոց պատմությունը ջնջելը` «Հայաստանի պատմություն» դարձնելն էր, Արևմտյան Հայաստանը ուրանալը, հորինված ինչ որ «իրական Հայաստան կամ չորրորդ Հանրապետություն» պաշտելը, Ցեղասպանության հարցը մոռացնել տալը, Կիրանցից հողեր հանձնելն ու դա հաղթանակ ներկայացնելը, «պարտությամբ հպարտանալը», Սյունիքի միջանցքը տալն ու դա «Թրամփի ուղի» կոչելը...մի երկու գնացք ապրանք Ադրբեջանով բերելու համար Ալիևին փառաբանելը:
Հիբրիդային պատերազմը ռուսական ներկայությունը վտանգ համարելն է, Ռուսաստանին` Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ սանձազերծելու մեջ մեղադրելը, իսկ հետո Ռուսաստան մեկնելն ու Լադիմիր Լադիմիրովիչին ջերմ շնորհակալություններ հայտնելը:
Հիբրիդային պատերազմը Էրդողանի գիրքը կրծքին սեղմած նկարվելն է, Ալիևին սուրճի հրավիրելը, հետո թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությունները թարգմանաբար ընթերցողին ներկայացնող հայկական լրատվամիջոցներին մեղադրելը, թե դուք հիբրիդային պատերազմի մաս եք դարձել մեր դեմ:
Վերջապես. սեփական ազգին 7-8 տարի շարունակ բարոյահոգեբանական տեռոր, խառնակչություն անող, մարդկանց հավատքի վրա բարբարոսաբար հարձակված, թշնամանք ու ատելություն սերմանող, հանրությանը մշտական սթրեսի մեջ պահող մարդկանց խումբն իրավունք չունի հիբրիդային պատերազմներից խոսել, որովհետև աշխարհի անգամ ամենահետամնաց երկրներում իշխանությունները տարեվերջին հանդես են գալիս բարեմաղթանքներով, սեր ու համերաշխություն են քարոզում, հաշտվում են թշնամիների հետ, ներում են հայցում բոլորից, ում նեղացրել են, խոստանում են ուղղվել...անարդար նստածներին են ազատում...իսկ սրանք մինչև տարվա վերջին րոպեն (երևի նաև մինչև իրենց վերջին շունչը) չարիք, անհաշտություն ու խառնակչություն են սերմանելու...
Արմինե Օհանյան
Հրապարակ օրաթերթ
