Զապորոժիեի ԱԷԿ-ում ժամանակավոր հրադադար է հաստատվել՝ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման համար
Ռուսաստանը և Ուկրաինան, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջնորդությամբ, համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) տարածքում տեղայնացված հրադադարի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նա շնորհակալություն է հայտնել երկու կողմերին՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի և Զապորոժիեի ՋԷԿ-ի (ԶՋԷԿ) բաշխիչ ենթակայանների միջև էլեկտրաէներգիայի փոխանցումը վերականգնելու համար անհրաժեշտ «լռության պատուհանի» համաձայնության համար։
Էլեկտրահաղորդման գծերի հիմնական վերանորոգումը կատարվում է ԱԷՄԳ-ի թիմի հսկողության ներքո և կտևի մի քանի օր։
Զապորոժիեի ԱԷԿ-ի կառավարումը պատերազմից հետո մնում է խաղաղության ծրագրի նախագծում չլուծված հիմնական հարցը։ Վաշինգտոնը առաջարկել է կայանի համատեղ շահագործումը Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից։ Ուկրաինան պնդում է ԱՄՆ-ի հետ 50-50 համատեղ ձեռնարկության վրա։ Դեկտեմբերի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործարարների հետ հանդիպման ժամանակ խոսել է ատոմակայանի համատեղ՝ ԱՄՆ-Ռուսաստանի կողմից կառավարման մասին՝ առանց Ուկրաինայի մասնակցության։ Դեկտեմբերի 28-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պլանավորում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայում, և, ըստ Ուկրաինայի նախագահի, Զապորոժյեի ԱԷԿ-ը կլինի այն հարցերի շարքում, որոնք նա ցանկանում է քննարկել։
