Ոստիկանությունն առայժմ չգիտի՝ Փաշինյանի սադրանքի կոչից հետո վաղը բոլոր եկեղեցիներում ուժեղացված ծառայություն կիրականացվի, թե ոչ
Ոստիկանությունը դեռևս չի հստակեցնում՝ արդյոք վաղը բոլոր եկեղեցիներում ուժեղացված ծառայություն կիրականացվի, թե ոչ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այսօրվա տեսաուղերձում փաստացի արտոնել, թույլատրել և խրախուսել է իր համախոհներին Պատարագների ընթացքում, Վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելիս, բարձրաձայնել իրենց բողոքի ձայնը։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել սադրանքներ իրականացնել տարբեր եկեղեցիներում։ Եթե Փաշինյանի մասնակցությամբ Պատարագների ժամանակ, երբ քաղաքացիները, ի հեճուկս նրա, հնչեցնում են Վեհափառ Հայրապետի անունը, նրանք անմիջապես հեռացվում են տարածքից, այդ թվում՝ ոստիկանների ուղեկցությամբ, ապա այս դեպքում պարզ չէ՝ արդյոք նույն կերպ կհեռացվեն նաև Նիկոլ Փաշինյանի աջակիցները, որոնք սադրանքներ կիրականացնեն եկեղեցիներում։
Համենայն դեպս, «Փաստինֆո»-ն փորձեց ոստիկանությունից պարզել՝ արդյոք վաղը բոլոր եկեղեցիներում ուժեղացված ծառայություն կիրականացվի։ Սկզբում նշվեց, որ հասարակական կարգը կպահպանվի այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կլինի։ Սակայն դիտարկմանը, որ խոսքը ոչ թե Գառնիի եկեղեցու մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել Պատարագի, այլ ընդհանրապես բոլոր եկեղեցիների, ՆԳՆ-ից առաջարկեցին հարցումն ուղարկել գրավոր։
