ՄԻԵԴ-ի պարտադիր որոշման չկատարման պայմաններում Բաքուն դատապարտեց Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման
«Արցախ միությունը» հայտարարություն է տարածել․
«Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցին՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կատարել դատարանի պարտադիր որոշումը, ինչի հետևանքով հայազգի Կարեն Ավանեսյանի գտնվելու վայրը, առողջական վիճակը և պահման պայմանները մինչ օրս մնում են անհայտ, իսկ վերջինս դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ առանց իր նկատմամբ իրականացված դատավարության ընթացքում արդար դատաքննության և այլ հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ որևէ արժանահավատ տեղեկատվության։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կիրառված հրատապ միջոցի շրջանակում Ադրբեջանի կառավարությունը պարտավոր էր ապահովել Կարեն Ավանեսյանի ֆիզիկական և հոգեկան առողջության պաշտպանությունը, տրամադրել դատարանին և նրա ներկայացուցիչներին տեղեկություններ վերջինիս գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև ապահովել նրա անարգել կապը հարազատների և օրինական ներկայացուցիչների հետ։ Սակայն այդ պարտավորությունները մինչ օրս չեն կատարվել, ինչն էականորեն խոչընդոտում է ՄԻԵԴ-ում ընթացող վարույթների արդյունավետ իրականացմանը և լուրջ կասկածների տեղիք է տալիս վերջինիս կյանքի և անվտանգությանը սպառնացող ռիսկերի առկայության վերաբերյալ։
Կարեն Ավանեսյանի գործով իրավիճակը ծագել է այն բանից հետո, երբ 2025 թվականի սեպտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը, հայտնել են օկուպացված Ստեփանակերտ քաղաքում նրա ձերբակալության մասին։ Նշված աղբյուրների համաձայն՝ Ավանեսյանը ձերբակալվել է այն պահին, երբ իբր փորձել է զինված մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին, իսկ ձերբակալության ընթացքում ցուցաբերել է զինված դիմադրություն, ինչի արդյունքում պատասխան կրակի հետևանքով ստացել է հրազենային վնասվածք։ Նույն տեղեկատվությանը կից տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է հրազենային վիրավորում ստացած և արյունահոսած Կարեն Ավանեսյանը՝ գետնին ընկած վիճակում։
Հաշվի առնելով վերջինիս կյանքի և հիմնարար իրավունքների նկատմամբ անդառնալի վնասի իրական վտանգը՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ին փաստաբաններ Արա Ղազարյանը և Անաստասիա Մակարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, Արցախ Միության և այլ համապատասխան անձանց լիազորագրի հիման վրա, դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դրա կանոնակարգի 39-րդ հոդվածի հիմքով հրատապ կանխարգելիչ միջոց կիրառելու պահանջով։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ը հաղորդակցել է դիմումը Ադրբեջանի կառավարությանը՝ պարտավորեցնելով վերջինիս անհապաղ տրամադրել հայցվող տեղեկատվությունը։
Այնուհետև, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ամբողջությամբ բավարարել է կանխարգելիչ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը ձեռնարկել կոնկրետ միջոցներ Կարեն Ավանեսյանի ֆիզիկական և հոգեկան առողջության ապահովման ուղղությամբ, այդ միջոցառումների վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ ներկայացնել դատարանին, ինչպես նաև ապահովել նրա կապը հարազատների և ներկայացուցիչների հետ։
Սակայն նշված որոշման ընդունումից ի վեր Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը։ Ավելի քան երկու ամիսների ընթացքում Կարեն Ավանեսյանը որևէ կերպ կապ չի հաստատել իր ներկայացուցիչների ու հարազատների հետ, իսկ նրա առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ ներկայացված սահմանափակ տեղեկատվությունը արժանահավատություն չի ներշնչել։
Միևնույն ժամանակ, 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվել է Կարեն Ավանեսյանի գործով ամբողջական գանգատ, որի քննությունը ներկայումս շարունակվում է։
Չնայած վերոգրյալ հանգամանքներին և միջազգային դատարանի պարտադիր որոշման ակնհայտ չկատարմանը՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման։ Դատապարտման վերաբերյալ որևէ տեղեկատվություն նրա ներկայացուցիչներին կամ ՄԻԵԴ-ին չի տրամադրվել, ինչպես նաև բացակայում են տվյալներ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի, առաջադրված մեղադրանքների ծավալի և դատավարության ընթացքի մասին։
Ընդ որում, նշված դատավարության վերաբերյալ տեղեկությունները հասանելի են բացառապես ադրբեջանական մամուլում շրջանառվող սահմանափակ աղբյուրներից։ Դատավարության իրավական հիմքերի, գործի փաստական հանգամանքների, ինչպես նաև Կարեն Ավանեսյանի վարույթային իրավունքների և արդար դատաքննության իրավունքի երաշխիքների ապահովման վերաբերյալ որևէ արժանահավատ և ստուգելի տեղեկատվություն առկա չէ։ Այդ պայմաններում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցը շարունակում է մնալ չկատարված Ադրբեջանի իշխանությունների կողմից»։
