Հայաստանի իրական ռեսուրսը ընդերքում չէ, այն մեր մտքերում է․ Դավիթ Անանյան
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«ՀԵՆԱՍՅՈՒՆ 8. Հայաստանի իրական ռեսուրսը ընդերքում չէ, այն մեր մտքերում է
Փոքր տնտեսություն ունեցող երկիրը չի կարող մրցել ո՛չ շուկայի ծավալով, ո՛չ բնական ռեսուրսներով։ Հայաստանի իրական մրցակցային առավելությունը մարդկային կապիտալն է՝ կրթությունը, ինժեներական հմտությունները, գիտական միտքն ու ստեղծարարությունը։
Ուստի գիտությունը և նորարարությունը մեզ համար ճոխություն չեն։ Դրանք ազգային անվտանգության և տնտեսական ինքնիշխանության հիմք են։
Գիտությունը՝ ծախս չէ, այլ՝ արտադրական շղթայի սկիզբ
Գիտությունը չի կարող մնալ ծրագրային ֆինանսավորման եզրին։ Այն պետք է դիտվի որպես ամբողջական շղթա՝ հիմնարար հետազոտությունից մինչև կիրառական մշակում, այնուհետև՝ փորձարարական արտադրություն, և վերջում՝ շուկա։
Համալսարանները, հետազոտական կենտրոնները և մասնավոր հատվածը պետք է գործեն մեկ էկոհամակարգում՝ ուղղված տնտեսական արդյունքի ստեղծմանը։
Կենտրոնացում՝ համեմատական առավելությունների վրա
Հայաստանը պետք է զարգացնի այն գիտական ուղղությունները, որտեղ կարող է մրցունակ լինել․նյութագիտություն և ճշգրիտ ինժեներիա, միկրոէլեկտրոնիկա և ներստեղծված համակարգեր, կենսատեխնոլոգիա և դեղագործություն, ագրոգիտություն և էներգետիկ նորարարություններ, ռազմարդյունաբերական տեխնոլոգիաներ և տիեզերական հետազոտություններ։
Գիտությունը պետք է կապվի արտադրության և արդյունաբերական գոտիների հետ, այլ ոչ թե մնա ինքնանպատակ։
Տեխնոլոգիական փոխանցում՝ ոչ թե գաղափարների պահեստավորում
Մեր երկրին անհրաժեշտ են կիրառական հետազոտությունների համակարգում, ինկուբատորներ և աքսելերատորներ, փոքր սերիական արտադրության փորձարարական հարթակներ, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոններ։ Սա թույլ է տալիս գիտական մշակումները արագ վերածել տեխնոլոգիայի և արտադրանքի։
Գիտություն և պաշտպանություն՝ մեկ ռազմավարություն
Ռազմարդյունաբերական տեխնոլոգիաները ստեղծում են ներքին պահանջարկ գիտության համար, ամրապնդում են ինժեներական բազան և բացում են արտահանման նոր ուղղություններ։
Ֆինանսավորումը պետք է լինի անհամեմատ մեծ ծավալներով, մրցակցային և արդյունքահեն՝ գնահատելով կիրառական արժեքը, ոչ միայն հրապարակումները։
Մարդկային կապիտալ՝ շարունակական զարգացում
Տնտեսության վերափոխումը հնարավոր չէ առանց STEM կրթության խորացման, ինժեներական ուսուցման ընդլայնման, ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման, իննչպես նաև առանց նոր հմտությունների, ներառյալ՝ տվյալագիտություն, ԱԲ, կիբերանվտանգություն, ռոբոտոտեխնիկա։
Կրթությունը պետք է դառնա շարունակական գործընթաց, ոչ թե սոսկ կյանքի մի փուլ։
Սփյուռքի գիտական ներուժը՝ համակարգային ռեսուրս
Սփյուռքի գիտնականներն ու ինժեներները պետք է ներգրավվեն ոչ թե հատվածային կամ պատահական, այլ պլանավորված և համատեղ ծրագրերով, համաֆինանսավորմամբ, ինչպես նաև արդյունքակենտրոն համագործակցությամբ։ Միաժամանակ պետությունը պարտավոր է կանխել մասնագետների արտահոսքը՝ առաջարկելով գիտական առաջին աշխատատեղեր և տեխնոլոգիական կարիերայի ուղի Հայաստանում։
«Միասնության Թևեր»-ի ութերորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է։ Հայաստանի ապագան կառուցվում է ոչ թե հումքի, այլ գիտելիքի, ինժեներիայի և նորարարության վրա։ Մրցակցությունը սկսվում է մտքից»։
