Նոր ձերբակալություններ կլինե՞ն․ դատախազությունը փաստացի հաստատում է՝ Մուշեղ Սրբազանի անունը շոշափող քրեական վարույթ կա
Իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի շրջանակներում իշխանությունները որոշել են նեղացնել Վեհափառ Հայրապետին աջակցող բարձրաստիճան հոգևորականների շրջանակն՝ ավելացնելով մեղադրյալ հոգևարականների թիվը։
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները՝ բարձրաստիճան հոգևորականների դեմ փորձում են նոր վարույթներ նախաձեռնել՝ մյուսների վախը «բռնելու» համար։
Այս պահին կալանքի տակ են չորս սրբազաններ, որոնք, ըստ ամենայնի, տեղի չեն տվել ճնշումներին, այդ թվում՝ քրեական վարույթներով սպառնալիքներին։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ ձերբակալություններն այսքանով չեն սահմանափակվի։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահների խոշորացույցի տակ, ի թիվս այլ հոգևորականների, հայտնվել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որի անունը շոշափող քրեական վարույթ կա, ընդ որում, քրեական վարույթը շահարկում են հենց իշխանություններին միացած 10 եպիսկոպոսներից ոմանք՝ տարբեր խողովակներով՝ Սրբազանների անունները շոշափելով տարբեր քրեական վարույթներով՝ կապված ենթադրյալ «ատկատների», շորթման հետ։ Այն, որ Մուշեղ Սրբազանի անունը շոշափող քրեական վարույթ կա՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան փաստացի հաստատել են նաև ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է իրականացրել՝ պարզելու, թե արդյո՞ք կա նախաձեռնված քրեական վարույթ․ երբ է այն նախաձեռնվել և ինչ հատկանիշներով, ինչ կարգավիճակ ունի Մուշեղ Սրբազանը քրեական վարույթով, արդյո՞ք Սրբազանի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ հաղորդում ստացվել է և եթե այո, ապա երբ։ Դատախազությունից ստացված պատասխանը կարճ էր՝ տեղեկատվության տրամադրումը մերժվել է՝ նախաքննության շահերից ելնելով։ Փաստացի կառույցից միայն հաստատել են, որ քրեական վարույթ իրապես կա, սակայն մանրամասներ չեն հայտնել։ Պատճառը, թերեւս այն է, որ չեն կարողացել հիմքեր պեղել Սրբազանին մեղադրանք առաջադրելու համար։
Համենայն դեպս՝ քննությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Մուշեղ Սրբազանն այս պահին որևէ վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի, նա վկա է, իսկ քրեական վարույթը՝ հերյուրանք։ Դրա համար էլ գործի են դրել հին բարի մեթոդը՝ բամբասանքը։
Ի դեպ, Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից առնվազն Վագզեն արքեպիսկոպոս Միրզախանյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անուններն, ըստ չհերքված լուրերի, շոշափվում են նաև տարբեր քրեական վարույթներով, հետևաբար, պարզ չէ, թե ինչ սկզբունքով են որոշել, որ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսները, որոնց գլխին «Դամոկլյան սրի» պես կախվում են տարբեր քրեական գործեր, կարող են թիրախավորել Վեհափառի շրջապատում գտնվող եպիսկոպոսներին՝ շահարկելով քրեական վարույթների առկայությունը։
Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
