Գառնիում պատրաստվում են կիրակնօրյա պատարագին
Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Գառնիի համայնքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հանդիպում-քննարկում է եղել, որին մասնակցել են Կոտայքի մարզպետը, համայնքապետը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ: NEWS.am-ի տեղեկություններով «աշխատանքային խումբ» է ձևավորվել, որպեսզի կիրակի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի ժամանող Փաշինյանին հավուր պատշաճի դիմավորեն: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը համայնքապետարանից դուրս գալով NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը աշխատանքային այցով է գտնվում Գառնիում, և որ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ներկա չեն եղել հանդիպմանը, սակայն մեր տեսախցիկը ֆիքսել է ուժայինների տրանսպորտային միջոցները հենց համայնքապետարանի շենքի մոտ կայանած։ Ավելին գյուղի տարածքում, մասնավորապես Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ Փաշինյանն այս կիրակի պատարագի է մասնակցելու, ոստիկանական մեքենա էր պտտվում: Ուժայինների հետ հանդիպման լուրը հաստատել էր նաև համայնքապետարանի մեր աղբյուրը:
«Այո, միանշանակ, կիրակի այստեղ մասնակցելու եմ պատարգի, տեղյակ չեմ՝ ով է մատուցելու պատարագը»,–ասաց նա։
Մարզպետը հերքեց, թե ժողով է տեղի ունեցել Գառնիում. «Ես այս համայնքի բնակիչ եմ, աշխատանքային այցով գտնվում եմ իմ գյուղում։ Ճանապարհաշինության հետ կապված հարցեր ենք քննարկել։ Երևան–Գառնի ամբողջ ճանապարհը կառուցվում է, դա լուրջ քննարկելու թեմա է»։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում վերջին շրջանում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, պահանջում են Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, Ահարոն Սահակյանը պատասխանեց. «Մենք , Ամենայն հայոց կաթողիկոս չունենք, այդ պաշտոնը զբաղեցնում է մարդ, որ չպիտի զբաղեցնի»։
Դիտարկմանը, որ նույն տրամաբանությամբ շատերն էլ չեն ընդունում այս իշխանություններին և նրանց համար, օրինակ, վարչապետ գոյություն չունի, նա ասաց. «Վարչապետն ընտրված է ժողովրդի կողմից, Վեհափառը ընտրված չի, նույնիսկ եթե ընտրված է, ինքը խախտել է իր կանոնադրությունը։ Դա բոլորը գիտեն, հակառակ դեպքում թող ժխտի, կարո՞ղ է ժխտել։ Քանի ամիս է՝ չի ժխտել, թող ժխտի։
Այս պրոցեսը, որ սկսվել է, ես միացած եմ քաղաքական թիմին և մինչև վերջ քաղաքական թիմի հետ եմ»։
