Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու
Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, ՔՊ վարչության կողմից գրանցվել է 2026թ. ընտրությունների համամասնական ցուցակում, հայտնում է «Իշխանություն լրատվական»-ը։
Մամուլում հրապարակված նյութերի համաձայն Հրաչյա Հովհաննիսյանի անունը կապվում է կոռուպցիոն բնույթի գործարքների և համայնքային հողի ապօրինի օտարման հետ:
Նախորդ տարի «Հետք»-ը գրել էր, որ, երբ 2014-2016 թթ.-ին Արամ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը, այդ բաժնի շենքի հարևանությամբ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած մոտ 200 քմ հողամասը տարիներ շարունակ ծառայել է որպես Ոստիկանության Շենգավիթի բաժնի մեքենաների կայանատեղի։ 2015 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Շենգավիթի ոստիկանապետի 21-ամյա որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։ 81.66 մ² հողամասի մեկնարկային գինն աճուրդում սահմանվել է 2 միլիոն 41 հազար 500 դրամ, որը Հրաչյա Հովհաննիսյանը գնել է 2 միլիոն 143 հազար 575 դրամով։ Հողամասն օտարվել է հասարակական շինություն կառուցելու նպատակով։
2016 թ․-ին Հրաչյա Հովհաննիսյանը ստացել է շինթույլտվություն և ձեռք բերած հողամասի վրա երկհարկանի շինություն է կառուցել։ «Հասարակական կառույցի սեփականատեր դառնալուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը զավթել է նախկին կայանատեղիի մյուս մասը՝ 70 մ² և 4 մ² հողամասերը, որոնց վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։ Մենք կարող ենք ենթադրել, թե ինպես է Երևանի քաղաքապետարանը «վերահսկողություն իրականացրել», որ չկանխվի հողամասի զավթումը։
2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետներ Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները։ Երևան համայնքի ղեկավարների որոշումներով օրինականացվել են համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված շինությունները և ուղիղ վաճառքով օտարվել Հրաչյա Հովհաննիսյանին։ Ընդհանուր 74 մ² հողամասի համար Հովհաննիսյանը Երևան համայնքի բյուջե է վճարել 2 միլիոն 8 հազար 692 դրամ։ Այս տարածքը ձեռք բերելուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը կրկին շինթույլտվություն է ստացել և վերակառուցել է արդեն գոյություն ունեցող երկհարկանի շինությունը։ Ընդհանուր առմամբ 156 քմ հողամասի վրա այժմ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կա, որտեղ տարբեր տնտեսվարողներ տարածք են վարձակալել և գործունեություն են ծավալում»,- գրել էր լրատվամիջոցը։
