Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով
Արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի խաղաշապիկը Matchday Football Auctions աճուրդում վաճառվել է ավելի քան 150 հազար եվրոյով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Խոսքը պատմական այն մարզաշապիկի մասին է, որով Մարադոնան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 1984 թվականի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը՝ ընդդեմ Բիլբաոյի «Ատլետիկի» (0:1)։
Խաղից հետո սկսված զանգվածային ծեծկռտուքի ընթացքում ֆուտբոլիստի մարզաշապիկը պատռվել էր։
Ինչպես նշվում է լոտի նկարագրության մեջ, հանդերձարանում մարզաշապիկը վերցրել է ակումբի լվացքատան աշխատակցուհին։
Քանի որ այն ենթակա չէր վերամշակման, կինն այն պահել է որպես հուշանվեր, իսկ տարիներ անց նվիրել իր ծանոթին։
Մասունքը շուրջ չորս տասնամյակ մնացել է այդ ընտանիքում՝ ժառանգաբար անցնելով որդուն, մինչև վերջինս որոշել է այն հանել վաճառքի։
Հենց մարզաշապիկի վնասվածքները՝ պատռվածքի ձևն ու երկարությունը, դարձել են դրա իսկության գլխավոր երաշխիքը և ապահովել դրա եզակիությունը։
Մարզաշապիկը վաճառվել է 123,6 հազար եվրոյով, սակայն 23% միջնորդավճարը ներառյալ՝ վերջնական արժեքը կազմել է 152,2 հազար եվրո։ Այն դարձել է Մարադոնայի՝ աճուրդում վաճառված ամենաթանկ ակումբային մարզաշապիկը։
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում։
