Հերթական թյուրիմացությունն է․ Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է
Նիկոլ Փաշինյանը հետ քայլ չի անելու, իր ոճի մեջ շարունակում է Եկեղեցու դեմ արշավը: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԵ Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ տեղեկանալով, որ Փաշինյանը կիրակի օրն այցելելու է Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
«Մենք ճանապարհն ասել ենք՝ պիտի իրենց ոճը փոխեն, Վեհափառին չդիմեն ավազանի անունով, դրանից հետո Կաթողիկոսը կորոշի՝ գնա՞լ երկխոսության ճանապարհով, թե ոչ»:
Տեր Փառենն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, համաձայն որի՝ «Կաթողիկոսին ինչ-որ դարերում ընտրել է թուրքական սուլթանը, պարսկական շահը կամ ցարը: Նա նշեց, որ առնվազն պատմություն է պետք կարդալ»:
«Եղիշեն ասում էր՝ բոլոր չարիքները մտնում են մարդկանց մեջ տգիտությունից, հիմա թող բացեն, պատմություն կարդան, Թուրքիան 15-րդ դարից է մտել պատմություն, դրանից առաջ չե՞նք ունեցել Կաթողիկոս: Անգամ մեկնաբանել չարժի»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ «Եկեղեցու նոր կանոնադրության դեմ դիմադրություն կա, քանի որ մինչև օրս դրանք ընդունվել են ռուսական, թուրքական ֆորմատով» հայտարարությանը, Տեր Փառենը մեկնաբանեց իբրև «հերթական թյուրիմացություն»:
«Կա «Կանոնագիրք Հայոց» և կա «Եկեղեցու կանոնադրություն», Եկեղեցին առաջնորդվում է իր կանոնադրությամբ, որը վավերացված է պետության կողմից, իսկ «Կանոնագիրք Հայոց»-ը կանոնների խմբեր են՝ սկսած առաքելականության հաստատումից ի վեր, բառերն իրար հետևից արագ-արագ ասել չի նշանակում իմաստալից խոսք: Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք, եթե լինի, ինքը կանի»:
Տեր Փառենն ընդգծեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը կանոնադրություն փոխելը չէ, Եկեղեցու շուրջ ծավալվող թեման թեժ պահելն է, որ ժողովուրդը զբաղմունք ունենա, իսկ Փաշինյանը կարող է պնդել այն, ինչ ուզում է:
«Ամեն օր կարելի է մի բան պնդել, մենք ասում ենք՝ Եկեղեցին դարեր շարունակ ունեցել է և ունի կանոնադրություն, որով էլ առաջնորդվում է»:
Հասմիկ Կիրակոսյան
