Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուների միջև ծեծռկտուք է եղել
Թուրքիայի առաջին լիգայի 18-րդ տուրի շրջանակում Բոդրումում կայանալիք Bodrumspor – Amedspor ֆուտբոլային հանդիպումից առաջ բախումներ են տեղի ունեցել երկրպագուների միջև։ Հաղորդվում է, որ «Amedspor»-ին արտագնա խաղում աջակցելու մեկնած երկրպագուների ավտոբուսը ենթարկվել է քարերով հարձակման, ապա բռնկվել է ծեծկռտուք, որի հետևանքով վիրավորվել է 1 կին երկրպագու։ Հայտնում է Ermenihaber.am-ը:
«Amedspor» ակումբի նախագահ Նահիթ Էրենը հայտնել է, որ վիրավոր Գյուլիզար Օզդեմիրը բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն՝ ընդգծելով, որ ակնկալում են մեղավորների բացահայտում և նման դեպքերի կանխարգելում։
Ավելի ուշ ակումբը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով տեղի ունեցածը և շեշտելով, որ չնայած խաղից առաջ տեղի ունեցած միջադեպին, խաղից հետո անվտանգության պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել։ Դեպքը դատապարտել են նաև «Amedspor»-ին երկրպագող խմբերը՝ տեղեկացնելով հետագա բախումների և ևս 4 վիրավորի մասին։
Նշենք, որ խաղի ընթացքում «Amedspor»-ի երկրպագուները տրիբունաներում վանկարկել են «Լեյլա Զանան մեր պատիվն է» կարգախոսը: Լեյլա Զանան ազգությամբ քուրդ է: Նա ժամանակին եղել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր:
