Պուտինն առաջնորդվել է՝ «եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ» սկզբունքով
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
«Պուտինը ծննդյան տարեդարձի առիթով զանգահարել է Իլհամ Ալիեւին, որը, հիշեցնեմ, «ժամանակ չէր գտել» դեկտեմբերի 21-22-ին ժամանել Սանկտ-Պետերբուրգ եւ մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին:
Պուտինն ըստ երեւույթին առաջնորդվել է՝ «եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ» սկզբունքով: Եթե Ալիեւը խուսափել է Սանկտ-Պետերբուրգից, ապա Պուտինը չի խուսափել առիթն օգտագերծելուց եւ նրան կապի դուրս բերելուց: Իսկ ես վստահ եմ, որ Ալիեւին հենց դուրս են բերել կապի, ինչից նա խուսափել էր` չներկայանալով Սանկտ-Պետերբուրգ եւ թերեւս համարելով, որ Պուտինն էլ այդ պարագայում չի զանգահարի իր ծննդյան տարեդարձի առիթով:
Բայց, Պուտինը փաստորեն զանգահարել է եւ Ալիեւին թերեւս հիշեցրել որոշակի պայմանավորվածություններ:
Ինչո՞ւ եմ հակված կարծելու, որ ահա «ուժերի այդ հարաբերակցությամբ» է եղել խոսակցությունը:
Որովհետեւ կա մի բավականին էական դրվագ, որ հեռախոսազրույցի վերաբերյալ տեղ է գտել Կրեմլի հաղորդագրության մեջ, եւ տեղ չի գտել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Կրեմլի հաղորդագրությունը հայտնում է, որ «ջերմ եւ բարեկամական բնույթի խոսակցությանը միացել է նաեւ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան»:
Իսկ սա շատ էական դրվագ է, հատկապես, եթե վերհիշենք դրվագները, որոնք արտահայտում են Կրեմլի հատուկ վերաբերմունքը Մեհրիբան Ալիեւայի նկատմամբ: Ի դեպ, Ռուսաստանը միակ երկիրն է, ուր իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Ալիեւան՝ 2019 թվականին, Պուտինից ստանալով ՝ «Ադրբեջանում Ռուսաստանի իսկական բարեկամ» բնորոշումը եւ պարգեւը, իսկ 2025 թվականի մայիսին էլ Մեհրիբան Ալիեւային Բաքվում պարգեւատրեց Ռուսիո Պատրիարք Կիրիլը:
Կարծում եմ, որ Իլհամ Ալիեւին բոլորովին դուր չի գալիս այս հանգամանքը, բայց դա ոչ թե անձնական, այլ թերեւս քաղաքական խանդի դրսեւորում է, եթե հաշվի առնենք, որ Կրեմլի այդ հատուկ ուշադրության արժանացողը լոկ Մեհրիբան Ալիեւա անձը չէ, այլ ի դեմս նրա Ադրբեջանում կառավարող համակարգի խոշոր բաժնետեր Փաշաեւների կլանը»:
