«Համախմբվել եկեղեցու շուրջ ու աղոթքով ամփոփել տարին». այս կիրակի տարվա վերջին պատարագն է լինելու
Այս կիրակի տարվա վերջին պատարագն է լինելու։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագը մատուցելու է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
24News.am-ն օրեր առաջ գրել էր, որ, տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնական «լուծել» Մայր Աթոռի հարցը ու արդեն այս հարցով հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին։ Ըստ լրատվամիջոցի՝ նա ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։
Aysor.am-ը Նիկոլ Փաշինանի մամուլի խոսնակից փորձեց հստակեցնել՝ իսկապե՞ս այս կիրակի Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Մայր Աթոռ գնալ։ Նա, սակայն, անարձագանք թողեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերը։
Հայր Զաքարիան Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ պատարագը կմատուցվի այնպես, ինչպես մատուցվել է տարվա բոլոր կիրակի օրերին։
«Ինչպես արել ենք, այնպես էլ անելու ենք, հատուկ պատրաստություն չկա»,- նշեց Հայր Զաքարիան։
Քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր եկեղեցիներ այցից առաջ իրավապահները նախապես այց են կատարում տվյալ եկեղեցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղակատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս օրերին իրավապահներն այցելել են Մայր Աթոռ։ Տեր Եսային ասաց, որ չեն նկատել իրավապահների։
«Մայր Աթոռում խաղաղ է»,- նշեց Տեր Եսային։
Մայր Աթոռի հորդորն է հավատավոր ժողովրդին՝ համախմբվել եկեղեցու շուրջ ու աղոթքով ամփոփել տարին։
