Ինձ լավ եմ զգում. Հիվանդանոցից անմիջապես կգնամ Մայր Աթոռ, կստանամ Վեհափառի օրհնությունը. նման գրոհները մեզ որևէ ձևով չեն վախեցնում. Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից, նա արդեն երկու անգամ ստենդավորվել է։
168.am-ին Տեր Հայրն ասաց, որ արդեն իրեն լավ է զգում, հենց այսօրվանից էլ սկսելու է իր հոգևոր ծառայությունը։
«Ինձ շատ լավ եմ զգում, հիվանդանոցից դուրս գալուց անմիջապես հետո գնալու եմ Մայր տաճար, սուրբ իջման սուրբ սեղանը համբուրեմ, Աստծուն փառք կտամ, կստանամ Վեհափառ հայրապետի օրհնությունը և կգնամ իմ ծառայությանը։ Վեհափառը պետք է տեսնի, որ լավ եմ ինձ զգում, որ ինքն էլ հանգիստ լինի։ Երեկոյան «Խրիմյան Հայրիկ» կրթարանում դաս ունեմ, կգնամ դասի»,- նշեց Տեր Վրթանեսը։
Հոգևորականը փոխանցեց, որ իր բացակայության օրերին Բյուրականում պատարագ է մատուցել Տեր Համբարձումը, այս կիրակի ևս այլ հոգևորական կպատարագի։
«Ես պատարագին ներկա կլինեմ, բայց ինքս էլ ի վիճակի եմ պատարագ մատուցելու»,- հավելեց Տեր Վրթանեսը։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ այս կիրակի իշխանությունները պատրաստվում են հերթական գրոհն իրականացնել Մայր Աթոռի դեմ, Տեր Վրթանեսը նկատեց՝ չեն հաջողելու։
«Ես ցանկացած պահի կլինեմ Մայր Աթոռում, բայց իրենք իրենց գրոհները չեն կարող հաջողել։ Ասում են՝ մեծ թվով մարդիկ էին գնացել Վեհափառի դեմ, բայց իրականում նրանց թիվը 150 էլ չէր, այն էլ վարչական ռեսուրսով էին բերել։ Այդ մարդիկ իրականությունից կտրված են, որովհետև ողջ ազգն է Վեհափառի կողքին, Վեհափառը մեր կարիքն էլ չունի, բայց մենք պետք է կանգնենք մեր եկեղեցու կողքին։ Վեհափառը որևէ գրոհից չի վախենում, իրենք ոչինչ չեն կարողանալու անել, որովհետև մերը հոգևոր է, նյութական չէ։
Իսկ նման գրոհները մեզ որևէ ձևով չեն վախեցնում, երբ ուզում են, թող անեն»,- շեշտեց հոգևորականը։
Ինչ վերաբերում է կարգալույծ Ստեփան Ասատրյանի գրառմանը, որ անձամբ է տեսել, թե «ինչպես է տեր Վրթանեսը ոտքով հարվածում Դանիել սարկավագին», Տեր հայրն ասաց, որ Դանիել սարկավագ չկա, պարզապես կա մեկը, ով թղթով բանակից ազատվել է, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խուլիգանախմբի անդամ է։
«Երևի ե՞ս եմ Մայր տաճարի դռներին հարվածել, ոտքերով բարձրացել էին կաթողիկոսներին շիրիմներին, սա զավեշտ է։ Ինքս պառկած տեղս էլ Ստեփանին ու Արամայիսին եմ հայրական ու բարոյական ապտակ տվել, իրենց տիրադավ քայլերի համար, իհարկե, ոչ ֆիզիկապես, այլ հոգեբանորեն»,- ընդգծեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Հոգևորականին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին բժշկական կենտրոններից մեկը, որտեղ կատարել էին սրտի ստենդավորում։ Տեր Վրթանեսը փորձել էլ կասեցնել Մայր Աթոռ ներխուժած անձանց գրոհը։
