Թրամփն Էփշտեյնի ինքնաթիռով ավելի հաճախ է թռչել, քան հաղորդվում էր. ԱՄՆ Արդարադատության նախարարություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելի հաճախ է թռչել հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ինքնաթիռով, քան նախկինում հաղորդվել էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարության փաստաթղթերին։
Երեքշաբթի օրը ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով ավելի քան 10,000 նոր ֆայլ, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 10 գիգաբայթը։
«Նշվում է, որ տարբեր ժամանակներում նա թռել է, ի թիվս այլոց, Մարլա Մեյփլսի, իր դստեր՝ Թիֆանիի և որդու՝ Էրիկի հետ։ 1993 թվականի մի չվերթի ժամանակ միակ ուղևորները նա և Էփշտեյնն էին, իսկ մեկ այլ չվերթի ժամանակ՝ միայն Էփշտեյնը, Թրամփը և այն ժամանակ 20-ամյա մի աղջիկ։ Երկու այլ չվերթներում երկու ուղևորներն էլ կանայք էին, որոնք կարող էին լինել Մաքսվելի գործով պոտենցիալ վկաներ», - նշվում է փաստաթղթերում։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է մի այլ նամակ, որն Էփշտեյնը հասցեագրել է Լարի Նասարին՝ ԱՄՆ օլիմպիական մարմնամարզության հավաքականի նախկին բժշկին։ 2017 թվականին Նասարին դատապարտել են 175 տարվա ազատազրկման՝ 265 մարզիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։
Նամակում Էփշտեյնը նշում է, որ ԱՄՆ նախագահը սիրում է երիտասարդ աղջիկներին և դիպչել նրանց սեռական օրգաններին:
2019 թվականին Էփշթեյնին Միացյալ Նահանգներում մեղադրանք է առաջադրվել անչափահասների սեռական շահագործման և այդ հանցագործությունը կատարելու նպատակով դավադրության մեջ և սպառնում էր ավելի քան 40 տարվա ազատազրկում։
2019 թվականի հուլիսի սկզբին Նյու Յորքի Մանհեթենի դատարանը, Էփշտեյնի մեղադրանքը լսելուց հետո, նրան կալանքի տակ պահելու որոշում է կայացրել և գրավի դիմաց ազատ չի արձակել։ Նույն թվականի հուլիսի վերջին հաղորդվել էր, որ Էփշտեյնը կիսագիտակից վիճակում էր իր բանտախցում և հետո մահացել։ Հետաքննությունը եզրակացրել է, որ նա ինքնասպան է եղել։
