«Թուրքիայում շատ են ցանկանում, որ Հայաստանում կաթողիկոսը լինի ավելի «մեղմ» մեկը. ՀՀ ղեկավարն իրականացնում է քայլեր, որոնք Թուրքիայի սրտով են». Թուրքագետ
Թուրքական լրատվամիջոցները տարբեր հրապարակումներ են անում ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու ու Վեհափառ հայրապետի դեմ սկսած արշավի վերաբերյալ։ Այսպիսով՝ թուրքական երկու խոշորագույն լրատվամիջոցներից «Aydınlık»-ը և «Sözcü»-ն դեկտեմբերի 19-ին և 20-ին Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել՝ նշելով, որ Թուրքիան վերջնականապես փորձում է հաստատել Հայաստանի վրա հսկողություն, այդ թվում՝ նշանակել Ամենայն Հայոց կաթողիկոսին: «Aydınlık»-ը, մասնավորապես, գրում է․
«Ո՞վ կդառնա Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Ո՞ւ է աջակցում Անկարան.
Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։
Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում»:
Թեմակալ առաջնորդները «հանգստի են կոչում» Վեհափառին, թեմի քահանաները՝ հնչեցնում նրա անունը և անգամ հիշեցնում «մաքսավորի և փարիսեցու» մասին
5 մլն հետևորդ ունեցող թուրքական լրատվամիջոցը շարունակում է․
«Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժարվել է հայկական քաղաքականության անկյունաքարից՝ «Ցեղասպանության» քարոզչությունից: Այս քայլը թուլացրել է կապերը Ֆրանսիայի և Ռուսաստանի մեծ հայկական սփյուռքի հետ։
Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանը պահպանում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությանը մոտ քաղաքականություն։
Թուրքիայում Հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածությունն են քննարկում վերոնշյալ շրջանակները, որն այժմ գտնվում է Ստամբուլում, հարցը քննարկվում է նախագահ Էրդողանի և նրա խորհրդականների կողմից։ Հավանական է, որ այս թեկնածուն աջակցություն կստանա ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև Անթիլիասի Հայ Առաքելական եկեղեցու և Լիբանանի հայ հոգևորականության կողմից»:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ կոնկրետ «Aydınlık» պարբերականն է կիսասադրիչ հրապարակում թողարկել, դրա հետևանքները Հայաստանում ավելի մեծ արձագանք են գտել, քան Թուրքիայում, քանի որ հիմնականում վերաբերում է Հայաստանին։
«Այս պարբերականը աչքի է ընկնում հակահայկական ընդգծված, ոչ ադեկվատ հրապարակումներով, և 100 տոկոսանոց վերաբերվել նրա հրապարակած լուրերին՝ մի փոքր տեղին չէ։
Սակայն մնացած հարցերում, որ Հայաստանի ղեկավարն իրականացնում է քայլեր, որոնք Թուրքիայի սրտով են, այդպես է, քանի որ բոլորս էլ այդ ամենը տեսնում ենք։ Այսինքն՝ թուրքական պարբերականը չպետք է գրի այդ մասին, որ մենք իմանանք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Իսպիրյանը։
Շարունակելով՝ թուրքագետը նկատեց՝ եկեղեցու վերաբերյալ պարբերականի հրապարակումը սյունակագրի կարծիքն է։
«Թուրքիայում կա սյունակագիրների ինստիտուտ, որտեղ սյունակագիրներն իրենց կարծիքն են արտահայտում։ Ըստ «Aydınlık»-ի սյունակագրի, Թուրքիայում են որոշել հայոց կաթողիկոսին փոխել, այլ թեկնածու ներկայացնել և այլն։ Բնականաբար, Թուրքիայում շատ են ցանկանում, որպեսզի Հայաստանում կաթողիկոսը լինի ավելի «մեղմ» մեկը, ով կհրաժարվի Թուրքիայի դեմ խոսելուց, Հայոց ցեղասպանությունից և այլն։ Բնական է, Թուրքիան նման բան ցանկանում է»,- ընդգծեց Անդրանիկ Իսպիրյանը։
