Վահագն Չախալյանի խուց այլ կալանավորներ են տարել
«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալներից Վահագն Չախալյանին պատժախցից տեղափոխել են խուց։ Այս մասին «Հրապարակ»֊ին ասաց նրա պաշտպաններից Վրեժ Խաչիկյանը։
Նշենք, որ Չախալյանին նախորդ շաբաթ էին տեղափոխել պատժախուղ, ըստ պաշտոնական տեղեկատվության` ՔԿՀ աշխատակցի հետ «արա»- ով խոսելու համար, իսկ ոչ պաշտոնական լուրերի համաձայն` նրան պատժում են դատական նիստերից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանի մասին սուր հայտարարության համար։
Խաչիկյանն ասաց, որ Չախալյանի հետ խցում գտնվող անձանց տեղափոխել են այլ խցեր, դա եւս նրան պատժելու միջոց է։ Այժմ նրա հետ նույն խցում այլ կալանավորներ են։
Հիշեցնենք․ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով եւ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ։ Նա այս պահին կալանքի տակ է։
