Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը արդյունավետ միջոց է Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ. Արաղչի
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ավելի սերտ համագործակցությունն արդյունավետ միջոց է՝ Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ, գրում է parstoday.ir-ը:
Դեկտեմբերի 18-ին, Ռուսաստան կատարած այցի ավարտին, Աբբաս Արաղչին X-ում գրել է. «Մոսկվայի և Թեհրանի միջև ավելի սերտ համագործակցությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ գործողություններ ձեռնարկել Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ, ամրապնդել տարածաշրջանային կայունությունը, առաջ մղել ենթակառուցվածքային նախագծերը և կանխել անօրինական գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»։
Նշելով, որ հարևաններն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն են, Արաղչին հավելել է. «Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի հիման վրա երկու երկրների ԱԳ նախարարությունները համաձայնության են եկել եռամյա ճանապարհային քարտեզի շուրջ՝ երկկողմ համագործակցությունն ու համակարգումը կազմակերպելու և ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար»։
