Փաշինյանի քաղաքականությունը հակապետական խուլիգանություն է, նա հրի ու սրի է մատնում ցանկացած արժեք ու համակարգ
Պատմաբան, լրագրող Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը.
ԱԱԾ-ի բուն առաքելությունը պետության անվտանգության ապահովումն է։ Ինչպես ցանկացած հատուկ ծառայություն, այն նույնպես տիրապետում գործակալական ցանցի, որի միջոցով կյանքի է կոչում իր առաքելությունը։
Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում ԱԱԾ-ն հաճախ է դուրս եկել իր լիազորությունների շրջանակից՝ ներքաշվելով ներքաղաքական հարաբերությունների տիրույթ և օգտագործվելով օրվա իշխանությունների կողմից։ Այս ամենը եղել է, և ոչ ոք չի արդարացնում անցյալի հանցավոր բարքերը։
Բայց այն ինչ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի օրոք, խորտակիչ և անվերականգնելի հարված է պետության ողնաշարին։ Խոսքը կոնկրետ երկու դրվագի մասին է․ Տարիներ առաջ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի ձեռքի տակ գաղտնի մի փաստաթուղթ էր հայտնվել, ըստ որի արտգործ նախարար Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ է։
Իսկ հիմա այդ նույն ԱԱԾ-ն ինչ-որ մի լրատվամիջոցի է գաղտնի փաստաթուղթ տրամադրում, որը վկայում է Եզրաս սրբազանի ՊԱԿ գործակալ լինելու մասին։
Այս գործելաոճը ուղիղ մարտահրավեր է Հայաստանի անվտանգային համակարգին, քանի որ փլուզում է հատուկ ծառայության ամենակարևոր համակարգը՝ գործակալական, լրտեսական ցանցը։
Որևէ մեկը այլևս չի ուզենա համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ, նույնիսկ ամենահայրենասեր և պետականամետ նպատակներով, քանի որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի ներքաղաքական պատեհությամբ այդ մարդուն կարող են գաղտնազերծել ու ոչնչացնել։ Գաղտնի փաստաթղթերը կարող են հայտնվել որևէ մեկի փեսայի աշխատասեղանին կամ էլ աթոռին սոսնձված մի վարչապետ ազգային անվտանգության տվյալներն իր համար քաղաքական խաղալիք կդարձնի։
Իսկ գազազած ամբոխն էլ մտքի ծայրով անգամ չի անցկացնի, որ միգուցե Արարատ Միրզոյանը ինչ-որ մի տեղեկությամբ օգտակար է եղել ազգային անվտանգությանը կամ էլ Եզրաս սրբազանը՝ որպես ՍՍՀՄ քաղաքացի, միգուցե ինչ-որ մի դրական գործ արել է հանուն եկեղեցու և Սովետական Հայաստանի։ Չի բացառվում նաև, որ վերոհիշյալ երկու փաստաթղթերն էլ ընդհանրապես կեղծ են։
Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հակապետական խուլիգանություն է։ Հանուն իշխանության պահպանման նա հրի ու սրի է մատնում ցանկացած արժեք ու համակարգ։ Նա գործում է ԱԱԾ-ի, դատախազության, քննչականի և ոստիկանության ձեռքերով, այդ ամենը հիմնավորում կեղծ քաղ․ հասարակության միջոցով և ԵՄ-ի աջակցությամբ։
Նրանք արհեստական մի հրեշ են ստեղծել՝ Ռուսաստան անունով, որն իբրև թե հիբրիդային պատերազմ է մղում ՀՀ-ի դեմ։ Բնականաբար իշխանության ցանկացած քննադատ ներկայացվում է որպես հիբրիդային պատերազմի զինվոր, որի դեմ հակաօրինական գործողությունները արդարացված են։
Լյուստրացիան բարդ ու բազմաշերտ գործընթաց է։ Այն չի կարող ներքաղաքական պայքարի մանրադրամ դառնալ ու կիրառվել Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով և հակառակորդներին ոչնչացնելու նպատակով։ Եթե լյուստրացիա եք անում, ապա արեք ամբողջական։ Հրապարակեք Սովետական Հայաստանի ՊԱԿ գործակալների ամբողջական ցուցակը։ Շատ ծանր չեմ տանի, եթե պապս էլ լինի այդ ցանկում, չնայած, որ սովետական ռեժիմը նրան հալածել ու տանջել է։
Բայց այս ամենը ձեզ հետաքրքիր չէ։ Դուք զբաղված եք իշխանություն պահելով և այդ ճանապարհի բոլոր հակառակորդներին ոչնչացնելով։ Արևելաեվրոպական երկրներում լյուստրացիա անում էին մարդկանց ազատագրելու համար, իսկ դուք՝ ոչնչացնելու։
Չի կարող լյուստրացիա լինել առանց ժամանակի կոնտեքստը հասկանալու։ 1917-1991 թթ․-ին մարդիկ ապրել են բանտում, որը կոչվում էր սովետական հայրենիք։ Միլիոնավոր մարդիկ են սպանվել ու տանջամահ արվել։ Ի վերջո Էջմիածնում կաթողիկոս է խեղդամահ արվել։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջնանում․ հիբրիդային պատերազմի առաջամարտիկ Նիկոլ Փաշինյանը քանի՞ անգամ է այցելել բռնադատվածների հուշահամալիր, որը բացվում է տարին մեկ անգամ, իսկ մնացյալ օրերին լքված է ու մոռացված։ Նա ոչ մի անգամ չի այցելել այդ հուշահամալիր։ Ավելին, նրա կառավարման օրոք սրբազան այդ տարածքում նորաձևության մրցույթ է անցկացվել։
Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի սպանությունից հետո, եթե եկեղեցին երկխոսության մեջ չմտներ ու չհամագործակցեր սովետական իշխանությունների հետ, մենք այսօր Հայաստանում Հայ առաքելական եկեղեցի ու Մայր Աթոռ չէինք ունենա։ Այս իմաստով չի բացառվում, որ սովետական իրականությունում ապրող բոլոր հոգևորականներն էլ ինչ-որ կերպ առնչվել են ՊԱԿ-ի հետ, այդ թվում և կարճ հիշողություն ունեցող հայ ժողովրդի կողմից սրբացված Վազգեն Բուխարեստցին։ Բայց մի՞թե այդ բոլորը հակապետական տարրեր են։ Հրապարակեք Վազգեն վեհափառի ստորագրությամբ գաղտնի փաստաթուղթը։ Որ շատ փնտրեք մի թուղթ էլ Գարեգին Ա-ի մասին կգտնեք։ Միգուցե նա էլ ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալ է եղել Անթիլիասի կաթողիկոս եղած ժամանակ։
Ես այս ամենը գրում եմ չեզոք մարդկանց համար։ Նիկոլ Փաշինյանի այլասերված ու տձև իշխանությունը հակված չէ լուրջ հարցերի վերաբերյալ դատողություններ անել։ Նրանք ունեն մեկ նպատակ․ ամեն գնով պահպանել իշխանությունը և նույնիսկ ՀՀ սահմանադրությունը, իրավական համակարգն ու անվտանգային միջավայրը կործանելու գնով։ Այսօր նրանք օգնություն են աղերսում Կայա Կալասից, վաղը աջակցություն կխնդրեն Էրդողանից ու Ալիևից։ Եթե իհարկե արդեն չեն արել։
Իսկ Հայաստանի առաջադեմ շրջանակներն ու քաղ․ հասարակության ներկայացուցիչները ՊԱԿ-ից ու Կրեմլից խրտնած՝ այդ ամենը կներկայացնեն որպես ռացիոնալ քայլ դեպի բաղձալի նպատակը՝ խաղաղությունը։ Իսկ պետության շահերից խոսողներն էլ ժիրայրլիպարիտյանականների կողմից կդիտարկվեն որպես դաշնակներ։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/12/20/180387
