Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ կեղծ ու տապալված շրջիկ «պատարագներից» հետո Նիկոլ Փաշինյանն անպայմանորեն փորձելու է ուղիղ հարձակում գործել Մայր Աթոռի, Վեհարանի ու Մայր Տաճարի վրա, կասկածից վեր էր շատ-շատերի համար: Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նախաձեռնած այս պատերազմը Փաշինյանը ակտիվորեն շարունակում է արդեն ավելի քան կես տարի: Շարունակում է ագրեսիվ դրսևորումներով, հայ հոգևորականների դեմ զանգվածային ռեպրեսիաներով (Արագածոտնի թեմի քահանաների համատարած հետապնդումը՝ որպես օրինակ), բարձրաստիճան հայ հոգևորականների հանիրավի կալանավորումներով (Մայր Աթոռի դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդ ու ևս մեկ արքեպիսկոպոս): Շարունակելը շարունակում է, բայց հետևողականորեն պարտվում է: Չնայած դրան, Փաշինյանը շարունակում է իր չարությունը տարածել:

Դեկտեմբերի 18-ը Փաշինյանը ընտրել էր որպես Մայր Աթոռի վրա ուղիղ հարձակման օր, իսկ որպես հարձակման «լեգիտիմացում» հիմնական գործիքի դերը վերապահել էր կանոնական դաշտից դուրս ելած 10 եպիսկոպոսի: Այդ օրը նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, և հնարավոր է՝ փաշինյանական հաշվարկներից մեկն էլ այն էր, որ տիրադավ եպիսկոպոսները փորձելու էին նաև այդ նիստի լեգիտիմությունը վիճարկել:

Միաժամանակ, արժե ընդգծել, որ Փաշինյանն այս անգամ ցուցադրաբար փորձեց մի կողմ կանգնել՝ իբր ինքը ոչ մի կապ չունի, անձամբ ֆիզիկապես չի մասնակցում, իբր սոսկ կողքից աջակցում է տիրադավ եպիսկոպոսներին: Անգամ նույն օրը ունեցած ասուլիսում հատուկ նման բան ասաց: Բայց դա հայտարարություն էր, թերևս, միայն տիեզերական դյուրահավատության աստիճան ունեցողների համար: Բոլորին է ակնհայտ, որ առանց Փաշինյանի կարգադրության, հենց այնպես, ինքնաբերաբար ոստիկանական մի քանի գումարտակ չէր լցվի Վաղարշապատ, չէր պաշարի Մայր Աթոռի տարածքը, ԱԱԾ-ականներն ու սովորական հագնված կարմիրբերետավորները չէին ուղեկցի տիրադավ եպիսկոպոսներին ու վարչական ռեսուրսի կիրառմամբ չէին «մարդ բերի»:

Հատկանշական է նաև Փաշինյանի՝ ցուցադրաբար կողք կանգնելու փորձը: Փաշինյանը, հնարավոր է, շատ կուզենար անձամբ ներկա լինել, բայց իր արտաքին շահառուներից, ամենայն հավանականությամբ, հստակ ցուցում է ստացել՝ անմիջականորեն չխառնվել, քանի որ նույնիսկ դրսի հովանավորների շրջանում աճում է դժգոհությունն այն առնչությամբ, որ այդ կերպ կառավարությունը, աշխարհիկ իշխանությունը ուղղակիորեն միջամտում է ազգային Եկեղեցու գործերին, ինչը օրինականության և սահմանադրականության, ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն և աղաղակող ոտնահարում է:

Այդ իսկ պատճառով, որպես մեծ սադրանքի գլխավոր «խմորիչ» հանդես եկան տիրադավ եպիսկոպոսները: Ըստ հակաեկեղեցական սցենարի՝ նրանք դեկտեմբերի 18-ին, ժամը 17-ին (այսինքն՝ ժամերգության պահին) Մայր Աթոռի տարածքում հավաք էին հրավիրել՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով քաղաքական ցույց անելու և համապատասխան բովանդակությամբ պահանջագիր ներկայացնելու համար:

Հատկանշական է, որ չնայած նրանք 10-ն են, բայց նախօրեի խայտառակությանը ներկայացել էին միայն 6-ը: Բացի այդ, չնայած իրենք էին հավաք հրավիրել, բայց այդպես էլ իրենց հրավիրած հավաքին ու տարբեր մեխանիզմներով «բերման ենթարկված» փաշինյանական կողմնակիցների փոքրիկ խմբակի կուտակմանը այդպես էլ տիրություն չարեցին: Նրանք Սուրբ Գայանե վանքից դեպի Մայր Տաճարի մերձակայք եկան քաղաքացիական հագնված ուժայինների հսկողությամբ: Փորձեցին կարդալ իրենց հակաեկեղեցական «պահանջագիրը», բայց, չնայած ուժայինների տրամադրած երկու բարձրախոսներին, տիրադավների ձայնը խլացավ Հայ առաքելական եկեղեցու աջակիցների բազմահազարանոց բազմության «Հու-դա՛, հուդա՛» վանկարկումների փոթորկուն ալիքների մեջ: Մի խոսքով, նախ՝ չլսվեց, թե ինչ են նրանք այնտեղ պահանջում, երկրորդ՝ աշխարհով մեկ լսելի եղավ, թե ներկաների բազմությունն ինչ է համարում, ինչպես է ընկալում փաշինյանական եպիսկոպոսներին:

Բնութագրական է, որ դրանից գրեթե անմիջապես հետո, երբ Վեհարան մտնելու անհաջող փորձից հետո իրենց «թուղթը» թողեցին պահակակետում, տիրադավ եպիսկոպոսները, նույն վերահանդերձավորված ուժայիններով, ըստ երևույթին՝ ԱԱԾ-ականներով շրջապատված, արագորեն հեռացան, եթե ոչ՝ ճողոպրեցին՝ հավատացյալ մարդկանց նախատինքների ներքո: Փաշինյանի հակաեկեղեցական «հարվածային» ռեսուրսը տեղավորվեց 1 միկրոավտոբուսի մեջ:

Նշեցինք, որ վերահանդերձավորված ոստիկաններից, օպերներից զատ, Մայր Տաճարի մոտ բերվել էին Փաշինյանի մի քանի հարյուր (տարբեր հաշվարկներով՝ 200-300) կողմնակից: Հատկանշական է, որ Հայ առաքելական եկեղեցին իր աջակիցներին, հայ քրիստոնյաներին ոչ մի կոչ չէր ուղղել, երբ հայտնի դարձավ գործադիր իշխանության կազմակերպած հարձակման մասին: Բայց հազարավոր ու հազարավոր մարդիկ հոժարակամ, սեփական միջոցներով եկել էին Մայր Աթոռ:

Առանցքային կարևորություն ունի այն, որ նախատեսված հարձակմանը դիմագրավելու համար Մայր Տաճարի մոտ համախմբվել էին գրեթե բոլոր իրական հակաիշխանական ուժերն ու գործիչները՝ ՀՅԴ-ն, «Հայաստան» դաշինքը, «Մեր ձևով» շարժումը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը և այդպես շարունակ: Այսինքն, ազգային Եկեղեցին պաշտպանելու անհրաժեշտությունը նույն վայրում միավորել էր մարդկանց, որ այլ հանգամանքներում մի փոքր դժվար է պատկերացնել կողք կողքի կանգնած: Սա էական պահ է, որը անպայման պետք է ուժեղացնել և կապիտալիզացնել:

Այո, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ուժ ցուցադրել: Ու սա ձևական կամ հետախուզական հարձակում չէր: Բայց Փաշինյանի այս արկածախնդիր ձեռնարկումը լիովին ձախողվեց: Եվ նրա «ուժի ցուցադրման» փորձ-շոուն ակնհայտ դարձրեց, որ ուժ չկա: Հատուկ ենք ընդգծում Նիկոլ Փաշինյանի պահը, քանզի ակնհայտ է, որ նույնիսկ նրա սեփական ՔՊ-ում, մի քանի աղմկիչներից բացի, ոչ բոլորն են հիացած ՀԱԵ դեմ այս պատերազմով:

Արժե նաև նկատել բուն դեպքերի հետ կապված, որ Մայր Աթոռի տարածքը հեղեղած ոստիկանական ուժերը ձևական առումով «պատ» էին կազմել և հակաեկեղեցականներին ու Եկեղեցու աջակիցներին բաժանում էին միմյանցից: Սակայն որոշակի պահի, երբ Կաթողիկոսը Մայր Տաճարում քարոզ էր կարդում, ոստիկանները թույլ տվեցին, որ հակաեկեղեցականները Մայր Տաճար ներխուժելու փորձ կատարեն: Բայց այդ փորձը, մեծ հաշվով, կանխվեց մի քանի հանգամանքների բերումով. նախ՝ տաճարի ներսում գտնվող հավատացյալները և հոգևորականները ներսից պահեցին դուռը, մինչև դրսում գտնվող մարդիկ ու հոգևորականները, շղթա կազմելով, հետ մղեցին ներխուժողներին: Դրանից հետո միայն ոստիկանները վերհիշեցին «պատի» ֆունկցիայի մասին: Ի դեպ, այդ ընթացքում էր, որ սիրված քահանա տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացավ և, ինչպես հետո պարզվեց, նա ինֆարկտ էր ստացել և վիրահատվեց:

Պետք է հատուկ ընդգծել Մայր Աթոռի միաբանների, արժանավոր եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների օրինակելի պահվածքը՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ ու առաջնորդությամբ: Նույնիսկ ամենից լարված պահին Կաթողիկոսը չընդհատեց իր քարոզը, շարունակեց շեղված եպիսկոպոսներին կոչ անել՝ վերադառնալ կանոնական դաշտ, շարունակեց Հայրենիքի ու Եկեղեցու շուրջ համախմբվելու հորդորները:

Կարելի է ասել, որ տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված թերևս ամենից խելահեղ արկածախնդրությունն էր: Բայց այդ արկածախնդրությունը ձախողվեց ժողովրդի, քաղաքական և հանրային ուժերի միասնական և ակտիվ դիրքորոշման, հնարավորինս զուսպ, բռնության սադրանքներին չտրվելու տոկունությամբ՝ մեր Եկեղեցու Հովվապետի ու հոգևորականների գլխավորությամբ, իհարկե:

Հարկավ, Փաշինյանը չի հանդարտվելու, շարունակելու է իր եկեղեցաքանդ գործունեությունը: Մանավանդ՝ նման տապալումից հետո: Ուստի պետք է պատրաստ լինել նախօրեի նման և էլ ավելի մեծ համառությամբ ու վճռականությամբ պաշտպանել սեփական Եկեղեցին, Պետությունը, սեփական ինքնությունը:

Կարծում ենք՝ նաև նախօրեի միասնականությունը պետք է օրինակ լինի առաջիկա ընտրությունների համար՝ առնվազն մի քանի գերակա հարցերում այդպես միասնական լինելու առումով՝ այս իշխանությունների «տուն ուղարկում», ազգային հարցերում անվերապահություն, միմյանց դեմ չպայքարելու հանձնառություն և այլն…

դիտվել է 267 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ունեցվածքը «Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ առաջիկա օրերին նա ելույթներ չի ունենա Արմեն Մարկոսյանը նշանակվել է Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 15-ից 19-ին Lույս չի լինելու հարյուրավոր հասցեներում Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 հավաստագիր է ստացել Խոշոր վթար՝ «Յուվայի» կամրջի վրա. վիրավոր կա Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Ահա այն կոնկրետ աղբյուրներն ու բյուջետային մեխանիզմները, որոնք թույլ կտան ֆինանսավորել այս ծրագիրը «Շուն-շանգյալ», «բոշա», «կզացնելու եմ» արտահայտությունները բարեկրթության խախտում չեն՝ ըստ ԿԿՀ-ի, «սրիկայաբար»-ը՝ խախտո՞ւմ է ««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել քաղաքական խոսքի թակարդի». Հովհաննիսյան Ռոնալդուի մայրը ներկա չի եղել որդու հարսանիքին․ հայտնի է, թե ովքեր են մասնակցել արարողությանը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել ՔՊ-ի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սրիկայություն «Եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ»․ ՆԳՆ «Հրապարակ»․ Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում «Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա «Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանը բեկանել է Ռուսաստանում բնակվող Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը Ուժեղ քամին Երևանում տապալել է կառուցվող շենքի երկաթե կառուցատարրերն ու էլեկտրասյուները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am