Ուկրաինական անօդաչուները գրոհել են Օրյոլի ՋԷԿ-ը եւ «Տոլյատիազոտ» գործարանը
Ուկրաինական անօդաչուները դեկտեմբերի 19-ի գիշերը հարվածներ են հասցրել Օրյոլի, Ռոստովի եւ Սամարայի մարզերին։
Օրյոլի մարզում վնասվել է քաղաքային ենթակառուցվածքային օբյեկտ, հայտնել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը՝ առանց մանրամասներ տրամադրելու: Կլիչկովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի գրոհը Օրյոլի Սովետսկի շրջանում էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման անջատումներ է առաջացրել, ինչպես նաեւ կասեցրել է տեղի մանկապարտեզների եւ դպրոցների գործունեությունը: Ուկրաինական Supernova+ թելեգրամ-ալիքը, հղում կատարելով ականատեսների տեսանյութին, պնդել է, որ հարված է հասցվել Օրյոլի ջերմաէլեկտրակայանին:
Սամարայի մարզում Supernova+-ն տեղեկացրել է, որ գրոհի է ենթարկվել Ռուսաստանի եւ աշխարհի խոշորագույն ամիակ արտադրողներից մեկը՝ «Տոլյատիազոտ» գործարանը: Հրապարակման պահին հարվածի պաշտոնական հաստատում չի եղել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր առավոտյան հաղորդագրության մեջ միայն հայտնել է, որ Օրյոլի մարզում խոցվել է վեց անօդաչու թռչող սարք:
Ռոստովի մարզում նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի գրոհների հետեւանքով բնակելի շենքերը Բոլգարստրոյում, Արեւմտյան արդյունաբերական գոտու ձեռնարկությունները, ինչպես նաեւ Մյասնիկովսկի շրջանի Նեդվիգովկա գյուղի եւ Ազովի շրջանի Զայմո-Օբրիվ գյուղի բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Տագանրոգում, գրել է Սլյուսարը իր թելեգրամ-ալիքում, «հինգ մասնավոր տներում վնասվել են պատուհաններ եւ տանիքներ, իսկ երեք մեքենա հրդեհվել է»։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է 94 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 36-ը Ռոստովի մարզում, 17-ը՝ Բելգորոդի եւ 15-ը՝ Վորոնեժի մարզերում։
