Պարտվելու՛ է, որովհետև խախտել է թույլատրելիի սահմանը․․․
Կան պատմական օրինակներ, որոնք հիշեցնում ենք ոչ թե արձագանք ստանալու, այլ մարդկանց հոգում ինչ որ բան տեղաշարժելու համար։ Որովհետև օրինակն աշխատում է այնտեղ, որտեղ խոսքը այլևս չի լսվում։ Օրինակս հենց այդպիսին է։
Խորհրդային իշխանությունը Հայաստանում ու ամբողջ Միությունում քաղաքականապես անսասան էր․ ամեն ինչ իր ձեռքում էր՝ բանակ, ուժային համակարգ, օրենք, քարոզչություն։ Բայց երբ սկսվեց եկեղեցիների փակումը, հոգևորականների նվաստացումը, սրբավայրերի նկատմամբ կոպիտ վերաբերմունքը, դիմադրությունը չդարձավ քաղաքական շարժում։ Ոչ թե այն պատճառով, որ մարդիկ համաձայն էին, այլ որովհետև հարցը այլ հարթություն էր տեղափոխվել։ Չկային ցույցեր, կուսակցություններ, լոզունգներ։ Սկսվեց մետա-քաղաքական դիմադրություն։ «Մետա» նշանակում է՝ քաղաքական դաշտից վեր, բայց ոչ քաղաքականությունից դուրս։ Դա այն շերտն է, որտեղ հարցը այլևս չի ձևակերպվում՝ «ով է իշխանությունը», այլ՝ «ինչն է լեգիտիմ»։
Մարդիկ պարզապես սկսեցին ասել (ներսում, ոչ բարձրաձայն)՝ «Այս իշխանությունը մեզ հետ չէ»։ Սա լռության նախադասություն է, ոչ կարգախոս։ Շարունակում էին ապրել «նորմալ» կյանքով, չէին բողոքում, փողոց դուրս չէին գալիս, բայց ներսում ձևավորվեց մի շատ պարզ բան՝ «Այս պետությունը մեր արժեքների կրողը չէ»։ Եվ սա արդեն հստակ դիրքորոշում էր, , որը չի ջնջվում քարոզչությամբ։
Ինչու՞ է մետա- քաղաքականը վտանգավոր իշխանության համար։ Որովհետև այն չի ենթարկվում կառավարման սովորական գործիքներին։ Քաղաքական դիմադրությունը կարելի է ճնշել, պառակտել, վարկաբեկել, ընտրություններով «փակել»։ Մետա-քաղաքական դիմադրությունը՝ ոչ։
Այն չի առաջնորդվում մեկ դեմքով, չի պարտվում իրավական ընթացակարգով։ Այն չունի շտաբ, բայց ունի հիշողություն։ Երբ իշխանությունն ասում է․ «դուք սխալ եք քաղաքականապես», մետա-քաղաքական դաշտը պատասխանում է. «դուք խախտել եք թույլատրելիի սահմանը» - այստեղ այլևս վեճ չկա, կա դատավճիռ։ Դատավճիռը չի հրապարակվում, բայց կատարվում է ժամանակի ընթացքում։
Ի՞նչ եղավ հետո։ Ոչ անմիջապես, ոչ աղմկոտ։ Տասնամյակներ անց համակարգը թուլացավ։
Սովետական համակարգը փլվեց ոչ այն պատճառով, որ ընդդիմությունը հաղթեց, այլ որովհետև հասարակության խորքում իշխանությունը երբեք լեգիտիմ չէր դարձել։ Երբ պետք եղավ պաշտպանել համակարգը, ոչ ոք ներսից չպաշտպանեց։ Նման դեպքում նույնիսկ իշխանության կողմնակիցներից շատերի մոտ ներսում առաջանում է անհանգստություն, որը չի արտահայտվում դիմադրության խոսքով, այլ արտահայտվում է լռությամբ, սառեցմամբ, օտարումով։
Հանրությունը հարմարվեց, բայց չնույնացավ, վախեցավ, բայց չհավատաց, ենթարկվեց, բայց չընդունեց։ Այս չորսը միասին նշանակում են՝ իշխանությունը միայն ֆորմալ է։ Երբ իշխանությունն անցնում է թույլատրելիի սահմանը, նա կարող է կառավարել, բայց այլևս չի կարող իմաստ հաղորդել իր իշխանությանը։ Իսկ առանց իմաստի իշխանությունը երկար չի տևում։ Պիտի հեռանա։
Սովետական համակարգը փլուզվեց, բայց Եկեղեցին մնաց, որովհետև չնայած համակարգը ուժեղ էր, բայց կորցրեց իմաստային նշանակությունը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը սովետականի հետ համեմատած մի խարխուլ օղակ է, պարտվելու է, որովհետև խախտել է թույլատրելիի սահմանը․․․ Սա կանխատեսում չէ․ սա արդեն տեղի ունեցած գործընթացի նկարագրություն է։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
