Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի
Դեկտեմբրի 8-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել ՌԴ քաղաքացի 34-ամյա Նիկիտա Բ․-ն, մատնացույց արել 3 անչափահասների ու հայտնել, որ նրանցից մեկն իրեն գրկել է և իր դրամապանակը ընկել է գրպանից՝ իսկ մյուսն այն վերադարձրել է, ինչից հետո նկատել է, որ դրամապանակից գումար է պակասում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով պարեկները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են ներկայացրել Երևանի բնակիչներ 15-ամյա Ա․ Ք․-ին, 15-ամյա Ն․ Ս․-ին և 16-ամյա Մ․ Մ․-ին։
Կայքի տեղեկություններով արդեն ոստիկանությունում Ա․ Ք․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
